Մատչելիության հղումներ

«Աղվեսներ» փորձարարական թատրոնը հանդիսատեսի տուն է տանելու իր ներկայացումները


Հայաստանում գործող թատրոնները համալրվեցին ևս մեկով՝ «Աղվեսներ» կոչվող փորձարարական թատրոնով, որի նորամուտը տեղի ունեցավ երեկ երեկոյան Փոքր թատրոնի բեմահարթակում:

Ներկայացվեց «Ամբոխները խելագրված» բեմադրությունը, որի հեղինակն է թատրոնի հիմնադիր, 25-ամյա ռեժիսոր Երեմ Կարապետյանը:

«Ազատության» հետ հարցազրույցի ընթացքում ռեժիսորն ընդգծեց, որ նաև գրական ստեղծագործություններ ունի, որոնք հավանաբար կհրատարակի այս տարվա հոկտեմբերին՝ Երկար գրական կեղծանվամբ:

Երեմ Կարապետյանն ուսանել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, բայց բանակում ծառայելուց հետո այդպես էլ չի շարունակել կրթությունը․ - «Հետո հասկացա, որ միգուցե ինքնակրթություն տանը, փողոցում, ընկերներիդ, շրջապատիդ հետ ավելի նպատակային լինի ու չշարունակեցի ուղղակի թատերական ինստիտուտում սովորելը: Ոչ թե ինստիտուտի հետ խնդիրներ ունեի, խնդիրն ավելի շատ իմ գլխում էին, քան ինստիտուտում: Ես խնդիրներս բռնեցի, իրենց սանձեցի ու ասեցի՝ ձեզ խելոք պահեք»:

Անդրադառնալով նորաստեղծ թատրոնին՝ Կարապետյանն ասաց․ - ««Աղվեսներ» փորձարարական թատրոնը ինքնին տարբերվում է մյուս թատրոններից, ոչ թե առավելություն որպես, ոչ թե ոչ-առավելություն, այլ ուղղակի՝ տեսակ, իր տեսակով էսպիսինն է: Ունենալու է պրակտիկ ներկայացումներ, նաև դրամաներ: Գնալու է ցանկացած, պատահական հանդիսատեսի տուն մարզերում, գյուղերում, Երևանում, դուռը թակի, ասի՝ բարև ձեզ, մենք ունենք մանկական, մեծահասակների, ունենք դրամա, ունենք մնջախաղ, ունենք աբսուրդ թատրոն, դուք կարող եք հենց հիմա գնել տոմսերը, իսկ տոմսերը շատ թանկ չեն լինելու և հենց ձեր տանը դիտել ներկայացումը: Այսինքն «Աղվեսներ» փորձարարական թատրոնը չի խնդրելու, որ հանդիսատեսը մոտենա իրեն, ինքը առանց հանդիսատեսի խնդրանքի մոտենալու է իրեն: «Աղվեսներ» փորձարարական թատրոնի գաղափարը ծնվել է շատ պատահական փետրվար ամսին, իսկ գործնականորեն սկսեց արդեն գործունեություն ծավալել մայիս ամսից: Մայիսի 1-ից սկսվեցին փորձերը «Ամբոխները խելագարված» պոեմը բեմադրելու»:

Հարցին, թե ինչու որոշեցին հենց Չարենցի պոեմին անդրադառնալ, երիտասարդ ռեժիսորը պատասխանեց․ - «Ոգեշնչումը եղել է դասական Թումանյանից, որովհետև Թումանյանն ինձ համար միակ գրողն է ամբողջ աշխարհում, ով ինձ տալիս է հնարավորություն տարածվել որքան ուզում ես: Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կարդալուց հետո ես պոեմներ էի փնտրում հայ ու ոչ հայ հեղինակներ մեջ։ Երբ որ «Ամբոխները խելագարվածի» առաջին քառյակը կարդացի՝ Հեռու, մոտիկ ընկերներին, ամբողջ սխեման ներկայացման, հատակագիծը, ամբողջ ներկայացման կմախքը ուրվագծվեց մտքումս»:

Իսկ հարցին, թե ինչն է իրեն որպես արվեստագետի հուզում Հայաստանում, Կարապետյանն արձագանքեց․ - «Մշակութային կյանքում, արվեստում ինձ հուզում է մարդկանց արտահայտչամիջոցների պակասությունը: Վերցրել ենք «Ամբոխները խելագարված», փորձարարական թատրոն, մնջախաղ, աբսուրդ, ամբողջը, մոդեռնը խառնած է իրար, բայց կտեսնեք ոչ միայն Չարենցին, այլ կտեսնեք ռեժիսորի հոգին, կտեսնեք Չարենցի հոգին, կտեսնեք պոեմի հոգին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG