Մատչելիության հղումներ

Ընտրություններից մեկ օր առաջ մեքենան և տան դուռը հրդեհելը բեմականացում էր. Նաիրա Զոհրաբյան


«Ես ունեմ իրավունք ունենալու օրինաչափ կասկածներ», - հայտարարում է ԲՀԿ պատգամավորը:

Ընտրություններից մեկ օր առաջ մեքենան և տան դուռը հրդեհելը բեմականացում էր, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հորդորում եմ մարզպետին միանալ մեր հորդորին ևս, որովհետև դա տեղի է ունեցել այն մարզում, որտեղ մարզպետը ինքն է, զբաղվել նաև ընտրություններից առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած, այսպես կոչված, մեքենայի հրդեհի և տան դուռը հրդեհելու դեպքերով», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։

«Ազատություն». – Ի՞նչն եք կասկածի տակ դնում։

Զոհրաբյան. – Ես ունեմ իրավունք ունենալու օրինաչափ կասկածներ, որովհետև այդ ամբողջը եղել է բեմականացում։ Ես հիմա չեմ հնչեցնի այն մարդու անունը, ում միանշանակ կասկածում եմ այդ բեմականացումն իրականացնելու մեջ, և նորից դիմում եմ Վալերի Օսիպյանին. հարգարժան ոստիկանապետ, սա նաև ոստիկանության պատվի և արժանապատվության խնդիրն է՝ բացահայտել մեքենայի և նաև տան դռան հրդեհումը, որովհետև այդ տանը եղել են յոթ երեխաներ։ Ես կարծում եմ, և ես ունեմ տեղեկատվություն, որ Դուք շատ լավ գիտեք, թե այդ թատերական բեմականացումը ում կողմից է բեմադրված եղել: Եթե առաջիկա օրերին հանրությունը, մենք՝ քաղաքական գործիչներս, աբովյանցիներս, չլսենք այն անունը, որի վերաբերյալ օրինաչափ և ողջամիտ կասկածներ ունենք, և, կարծում եմ, վստահաբար՝ օպերատիվ տեղեկատվություն ունեք նաև Դուք, մենք ստիպված կլինենք կասկածել ոստիկանության գործունեության անաչառության և ընտրողականության հետ կապված։

«Ազատություն». - Դա իշխանակա՞ն շրջանակից է։

Զոհրաբյան. – Ես չեմ կարծում՝ դա շրջանակ է։ Անձ է, որը փորձում է ծառայություններ մատուցել իշխանությանը։

«Ազատություն». – Պաշտոնյա՞ է։

Զոհրաբյան. – Ոչ։

Հիշեցնենք՝ Աբովյանում մայիսի 8-ին՝ քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ, հրկիզվել էր «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի մեքենան և տան մի հատված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավարը ճանաչվել է տուժող։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG