Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու որոշում է կայացրել՝ «գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ մեդիայով և ոչ միայն մեդիայով»: Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ինչո՞ւ հրաժարական տվեց:
«Հաշվի առնելով դժգոհությո՞ւնը», - այս հարցին Զեյնալյանն արձագանքեց․ - «Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը՝ ներկայացրել եմ հրաժարականի դիմում»:
Արտակ Զեյնալյանը հրաժարական տալու մասին տեղեկացրեց անցած շաբաթավերջին՝ ֆեյսբուքյան գրառմամբ: «Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար», - գրել էր նա: