Մատչելիության հղումներ

«Հաղթել է ժողովրդավարությունը»․ վարչապետը՝ Աբովյանի ընտրությունների մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 10-ը հունիսի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 10-ը հունիսի, 2019թ․

«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն», - հայտարարում է Փաշինյանը:

«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում անցած կիրակի կայացած ընտրությունները, որտեղ նախնական տվյալներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ առնչվող թեկնածու Վահագն Գևորգյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:

«Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Էնպես որ, Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար», - հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից առաջ Կապանի իրենց թեկնածու պարտության դեպքը, որին հաջորդած խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս քվե ստացավ Սյունիքի մարզում:

Զուգահեռներ անցկացնելով՝ վարչապետը պնդեց, թե Աբովյանի ընտրությունների արդյունքերը չեն նշանակում, որ իշխող ուժի վարկանիշը նվազել է․ - «Այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք, երբ որ ամեն ինչ արվում էր, որ սկսած ժեկի պետի թեկնածուից մինչև որևէ թեկնածու հանկարծ իշխանության կուսակցության ներկայացուցչին չհաղթի: Էս ընտրություններում, Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրություններում, անկախ նրանից «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի թե չի հաղթի, հաղթում ա հեղափոխությունը և հաղթում ա ժողովուրդը»:

Աբովյանում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուին ԲՀԿ-ն պաշտոնապես չէր առաջադրել, բայց ընտրությունների օրը կուսակցության անդամները անթաքույց աջակցում էին գործող քաղաքապետին:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հաստատեց, որ Վահագն Գևորգյանը իր աջակցությունը վայելում է, բայց դրա կարիքը, ըստ Ծառուկյանի, թեկնածուն չուներ, և հենց այդ պատճառով էլ քարոզարշավին ինքը չի մասնակցել:

Փաշինյանը, մինչդեռ, անձամբ մասնակցել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քարոզարշավին:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ եթե ինքը մասնակցեր քարոզարշավին, գործող քաղաքապետը շատ ավելի քվեներ կստանար․ - «Կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի իրան: Ինքը իր աշխատանքով ապացուցել ա»:

Ընտրություններից առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից դատախազություն ներկայացված հաղորդման արդյունքում մի քանի քրեական գործեր են հարուցվել, որոնք առնչվում էին համայնքապետարանի գործունեությանը և Վահագն Գևորգյանին:

Վարչապետ Փաշինյանը այդ գործերը բացառապես իրավական հարթություն է դիտարկում և կարծում է, որ անհիմն է այն մեղադրանը, թե այդ գործերով իշխանությունը վարչական ռեսուրս էր օգտագործում մրցակից թեկնածուին ճնշելու համար:

Անդրադառնալով մարզպետի դատախազություն ներկայացրած հաղոդմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ - «Մարդը չի աշխատում: Այն մարդը, որ արած բան չունի, անողի վրա էլ ուզում ա ցեխ շպրտի»:

Ծառուկյանին զարմացրել է նաև մարզպետի այն հայտարարությանը, թե Աբովյանում հեղափոխություն չի եղել․ ինչպե՞ս կարող է նման միտք հնչել, եթե ինքը ժամանակին Փաշինյանի հետ հուշագիր է ստորագրել:

Մարզպետի այլ քննադատական հայտարարություններին ի պատասխան՝ Ծառուկյանը հորդորում է ականաջալուր լինել վարչապետի արձագանքին:

Իսկ թե պետք է շարունակի Կոտայքի մարզպետը պաշտոնավարել, Ծառուկյանն ասում է, որ դա Փաշինյանի որոշելիքն է:

Փոխարենը քվեարկության օրը մարզպետի պահվածքից դժգոհ մնացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն Էդմոն Մարուքյանն է բարձրացնում Ռոմանոս Պետրոսյանի հրաժարականի հարցը․ - «Որևէ քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության հետ այլևս: Որովհետև երբ որ կապում ենք դրա հետ, հետո ասում են՝ տեսաք, որ կրվեց հեղափոխությունը: Հիմա ովքեր կապում էին հեղափոխության հետ, տեսան, որ պետք չէր կապել հեղափոխության հետ մի քաղաքի ընտրությունը: Կան օրենքներ, կա Սահմանադրություն: Մենք էստեղ օրենքներ ենք ընդունում, մեր ընդունած օրենքներով պետք է այդ քաղաքները կառավարվեն: Իսկ մարզպետը ընդհանրապես իր պահվածքով, կարծում եմ, փչացրեց էդ ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրանց թիմն ա որոշողը»:

«Ազատության» եթերում մարզպետ Ռոմոանոս Պետրոսյանը արձագանքեց, որ օրակարգում իր հրաժարականի հարց չկա:

Աբովյանում երեկ անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը նրանից մոտ 400 ձայնով պակաս է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG