Պորտուգալիայի հավաքականը դարձավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին մրցաշարի հաղթողը:
Կիրակի ուշ երեկոյան Պորտուում կայացած եզրափակիչ խաղում Պորտուգալիայի ընտրանին 1:0 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների թիմի նկատմամբ: Միակ գոլի հեղինակը դարձավ Գոնսալու Գեդիշը՝ 60-րդ րոպեին:
Երրորդ տեղը գրավեց Անգլիայի հավաքականը՝ նույն օրը ավելի վաղ Գիմարաեշում կայացած հանդիպմանը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Շվեյցարիայի ընտրանուն. խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլեր չէին գրանցվել:
Ազգերի լիգայի մրցաշարը մեկնարկել էր 2018 թվականին և նախ անցկացվեց չորս լիգաների չորսական խմբերում: Ուժեղագույն՝ A լիգայի խմբերի հաղթողները մասնակցեցին այս տարվա հունիսի 5-9-ը Պորտուգալիայում անցկացված եզրափակիչ փուլին:
Հայաստանի ազգային հավաքականը, հիշեցնենք, երկրորդ տեղը գրավեց D լիգայի 4-րդ խմբում: