Մատչելիության հղումներ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ընտրախախտումներ են արձանագրվել


Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են, թեկնածուները՝ 5-ը․ գործող քաղաքապետ ու թեկնածու Վահագն Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը:

Ի սկզբանե մրցակցությունը ԲՀԿ-ի ոչ պաշտոնական աջակցությունը վայելող Գևորգյանի ու իշխանության թեկնածու Գուլյանի միջև էր:

Քաղաքում կա 27 ընտրատեղամաս: Բոլոր տեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացնում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը:

«Առավոտյան ունեինք դեպքեր, երբ մեկ թեկնածուն ուներ երկու վստահված անձ, որն ընտրական օրենսգրքով արգելված է: Խնդիրը կարգավորվեց ժամը 9-ի կողմ: Ունենք երեք դեպք նույն տեղամասում, երբ քվեարկողները, գաղտնիության իրավունքը խախտելով, տեսանկարահանել են իրենց քվեարկությունը ու ենթադրում եմ, որ որոշ մարդկանց փորձում էին ցույց տալ՝ ապացուցելու համար: Մեր դիտորդը ֆիքսել է դա», - պատմեց դիտորդական առաքելության ղեկավար Վահրամ Թոքմաջյանը:

Թերևս առավել աղմկահարույց միջադեպը արձանագրվել է29/07 տեղամասում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վեներա Գյուլումյանի մոտ հայտնաբերվել է ընտրողների անձնական տվյալներով ցուցակ: Այն նկատել ու այդ մասին գրանցամատյանում գրառում է արել ընտրական հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյանը: Ցուցակում եղել է ընտրողների անուն, ազգանուն, հասցե և +/- նշանները:

«Ազատության» հետ զրույցում Գյուլումյանը պնդեց՝ ցուցակը ընտրական գործընթացի հետ կապ չուներ: - «Քանի որ ես նաև շենքի լիազոր եմ և համատիրության հետ համագործակցություն կա, այդ ցուցակը պատահաբար գտնվում էր իմ ուղեցույցի մեջ: Դա ընդհանրապես կապ չուներ այդտեղի ընտրության հետ», - վստահեցրեց նա:

Այս ցուցակով այժմ իրավապահներն են զբաղվում:

Ընտրական օրվա այս դրվագը նաև առիթ դարձավ, որ դիտորդական առաքելությունը նկատի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորությունները գերազանցելու փաստ:

«Նա այդ տեղամասի քվեարկող է՝ այդ մասով ամեն ինչ նորմալ է: Բայց քվեարկելուց հետո վերադարձել է՝ հանձնաժողովի նախագահին հրավիրել է դուրս, ցուցակը վերցրել և այլն», - պատմեց «Անկախ դիտորդ» առաքելության ղեկավար Վահրամ Թոքմաջյանը: - «Շատ վատ է, երբ որ մեկի մոտ կա ցուցակ, բայց նաև վատ է, երբ միջամտություն է լինում կոնկրետ ուժ ներկայացնող մարդու կողմից: Այսինքն՝ այս պարագայում դա իրավապահների զբաղվելիք հարցն է»:

Իր հերթին Կոտայքի մարզպետն էլ դիտորդներին մեղադրեց անգործության մեջ: - «Ես վերադարձա, իմ հեռախոսով նկարեցի տվյալ ցուցակը, որը հայտնաբերվել էր և հորդորեցի հանձնաժողովի մեր անդամին և նաև հանձնաժողովի նախագահին՝ անմիջապես դիմել իրավապահներին: Ահա ամենը: 4-5 դիտորդներ շուրջը կանգնած՝ որևէ մեկը չի արձանագրում կամ խորամուխ չի լինում, թե այդ ինչ ընտրացուցակ էր, ով էր, ինչու է, բայց բոլորը մատնանշում են, որ մարզպետը վերադարձավ տեղամաս՝ մարզպետը արդյոք իրավունք ուներ վերադառնալ տեղամաս և այլն», - դժգոհեց Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետն ասաց՝ ընտրական գործընթացում իր մասնակցությունը բնական է համարում․ նախ՝ արձակուրդ է վերցրել, հետո էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, ինչո՞ւ չպետք է աջակցի իրենց թեկնածուին:

Աբովյանի տեղամասերով շրջում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ընտրական օրվա ընթացքը «բնականոն» գնահատեց:

«Ես եղել եմ բազմաթիվ տեղամասերում, առիթ եմ ունեցել շփվելու և՛ վստահված անձանց, և՛ դիտորդների, և՛ ԶԼՄ ներկայացուցիչների, և՛ ընտրողների հետ և պետք է նկատել, որ գոնե այս պահին ասվածով կարելի է փաստել, որ բնականոն հունով ընթանում են ընտրությունները Ընտրական օրենսգրքի պահանջների պլահպանմամբ:

Օրվա ընթացքում ահազանգեր կային ընտրողների ուղղորդման, քվեաթերթիկը նկարահանելու վերաբերյալ, սակայն չկար որևէ ահազանգ ընտրակաշառքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG