Մատչելիության հղումներ

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» ազդեցիկ մասնակիցները համաշխարհային հետաքրքրության հարցեր են քննարկում


Հայաստանի վարչապետը և նախագահը «Մտքերի հայկական գագաթնաժողովում», Դիլիջան, 8-ը հունիսի, 2019թ.
Հայաստանի վարչապետը և նախագահը «Մտքերի հայկական գագաթնաժողովում», Դիլիջան, 8-ը հունիսի, 2019թ.

Ֆրանսիական հեղինակավոր գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ իր սահմաններից դուրս է անցկացվում. այս անգամ Հայաստանն է հյուրընկալել «Մտքերի գագաթնաժողովը»։

Հայաստանում այն հայկականացվել ու նոր անուն է ստացել՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»։ Հեղինակավոր իրադարձությունը աշխարհի տարբեր երկրներից անվանի ու ազդեցիկ գիտնականների, ձեռներեցների, ներդրողների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների է Հայաստան բերել։ Համաժողովը Հայաստան բերած նախագահ Արմեն Սարգսյանն այն անվանում է փոքր, սակայն կարևոր ու իր շրջանակով մեծ ազդեցությամբ իրադարձություն։

Գագաթնաժողովի բացմանը վարչապետն էլ էր ներկա։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորեց մտքի դերը։ Առօրյայից էլ օրինակներ բերեց՝ ընդգծելու համար մտքի կարևորությունը։

«Երևանից այստեղ գալիս, երբ նայում ենք ճամփեզրին, տեսնում ենք բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, փոքր և միջին բիզնեսի օբյեկտներ, նրանցից ոմանք հաջողակ են, ոմանք` անհաջողակ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են ու դա երևում է առաջին հայացքից: Եվ երբ մտածում ենք, թե ի՞նչն է տարբերում հաջողված բիզնեսներն անհաջող բիզնեսներից` առաջին միտքը, որ զարնում է, այն է, որ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի», - ասաց Փաշինյանը:

«Մտքերի գագաթնաժողովում» ազդեցիկ մասնակիցները համաշխարհային հետաքրքրության կարևորագույն հարցեր են քննարկում, նոր գաղափարներ ներկայացնում, կապեր ստեղծում։ Դիլիջանն այսօր ևս համաշխարհային նշանակության հարցերից անմասն չմնաց։

Հատկանշական է հյուրերի թվում հեղինակավոր քաղաքական գործիչների ներկայությունը։ Գագաթնաժողովին մասնակցելու են եկել 2005-2007 թվականներին Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Դիլիջանում էր այսօր նաև աշխարհահռչակ Google ընկերության վաճառքի և արտադրության ղեկավար Թեդ Սաուդերը։

ՏՏ հսկայի ներկայացուցչին տպավորել է հայաստանյան startup ոլորտը։ «Հոյակապ է, որ Հայաստանը ընդանրապես և հատկապես Երևանը ունեն շատ սկսնակ ընկերություններ՝ startup-եր, հրաշալի է, որ նրանք ողջ աշխարհում շատ կապեր ունեն սփյուռքի հետ։ Եվ դուք ունեք հնարավորություն բիզնես սկսելու, ասենք, Երևանում, բայց միևնույն ժամանակ ռեսուրսներ ունենալ Սան Ֆրանցիսկոյում, և գործընկերներ Լոնդոնում և այլուր, և այս գլոբալ ցանցը միայն կօգնի ձեր սկսնակ ընկերությունների համակարգին բարգավաճելու», - նշեց Սաուդերը։

Որոնողական հսկայի ներկայացուցիչ Թեդ Սաուդերը, ի դեպ, խորհուրդ ունի Հայաստանի համար՝ չձգտել դառնալ նոր Սիլիկոնյան հովիտ, այլ լինել դրանից մի քանի քայլ առաջ ընթացող գոտի։

«Ոգևորվեք այն բանով, թե ինչ է տեղի ունենում Լոնդոնում կամ այլուր, տարեք դա ձեր քաղաք, կիրառեք ձեր իրավիճակներում։ Մենք նաև ասում ենք՝ մի փոքր անհարմարություններ ապրեք, փորձեք անել այն, ինչ ձեր հարմարավետության գոտուց դուրս է, մշակեք ինչ-որ մեծ նորարարական գաղափարներ, հույս ունեցեք՝ դա աշխատելու է», - ընդգծեց Google ընկերության վաճառքի և արտադրության ղեկավարը։

«Մտքերի համաժողովին» ուշագրավ հարց հնչեց, այն ուղղված էր Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին՝ Հայաստանը կարո՞ղ է արդյոք դառնալ երկխոսության կենտրոն աշխարհի խոշոր խաղացողների համար: Ֆրանսիացի ազդեցիկ քաղաքական գործիչը պատասխանեց. «Հայաստանն ունի առավելություն, քանի որ բոլոր այդ կողմերի հետ ունի լավ հարաբերություններ և կարող է միջնորդի դեր խաղալ՝ կապելով այդ պետություններն իրար հետ։ Պետք է հարգալից և կայուն կերպով վերաբերվել մտքի, կրթության, նորարարության և տուրիզմի ոլորտներին: Եթե դա արվի, ապա Հայաստանը կհզորացնի իր կարողությունները Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի, Չինաստանի միջև կամուրջ լինելու հարցում, և դա բավականին հզոր դիրքեր կապահովի Հայաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG