Մատչելիության հղումներ

Հրկիզվել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի տան մի հատվածը և մեքենան


Աբովյանի քաղաքապետի ընտրություններից ժամեր առաջ հրկիզվել է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատված։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

Այսօր «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ բնակարանում ապրում են 7 հոգի։ Գիշերը որդին արթնացել է, տեսել՝ տան մի հատվածը հրկիզվում է, հետո էլ պատուհանից նկատել են՝ մեքենան է այրվում։

«Տղաս ինձ զարթնացրեց, որ տունը պաժառ է ընկնում, հելել եմ, տեսել եմ ծխի մեջ կորած, սկսեցինք կրակը հանգցնել, ջուր լցնել, պատուհանները որ բացեինք՝ ծուխը դուրս գա։ Պատուհանները բացեցինք, տեսանք ներքևն էլ է կրակ վառվում, տեսանք, որ ավտոմեքենան է։ Տղայիս մեքենան է։ Իջել ենք ներքև, տեսել ենք, որ էլ հնարավոր չի անջատել, պաժառնի ենք կանչել, պաժառնին եկել է անջատել է», - ասաց Վահան Սարիբեկյանը։

Սարիբեկյանը հրկիզումը կապում է կիրակի կայանալիք քաղաքապետի ընտրությունների հետ։ «Ինձ թվում է, որ սա նախընտրական շեմին էդ առիթն էր, ուրիշ բան չկա այստեղ», - նշեց նա։

«Ազատության» հարցին՝ իր կարծիքով ո՞ւմ կողմից է սա իրականացվում, պատասխանեց. «Ըստ ինձ, հակառակորդ ուժի՝ «Բարգավաճ»-ի»։

Թե ինչո՞ւ է նման կարծիքի, պատասխանեց. «Դե իրանք կարային միայն այս քայլին գնային, իրանց ձեռագիրն էր էս, ուրիշ բան չէր կարա լիներ»։

Հարցին էլ, թե այս ընթացքում իրենց հարաբերությունները լարվա՞ծ են եղել, արձագանքեց. «Հարաբերություն լարված չի եղել, ես ոչ մեկի հետ լարվածություն չեմ ունեցել։ Եթե իրանք ունեցել են, թող իրանք գային արտահայտվեին, ոչ թե էս ձևով արտահայտվեին։ Սա էն է նշանակում, որ ուզեցել են վախացնեն, որ ժողովուրդը վախենա, գնան իրանց ընտրեն»։

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ում 4 տարի առաջ սատարում էր «Բարգավաճ Հայաստան»-ը, պնդում է՝ որևէ քաղաքական ուժ այժմ իրեն չի աջակցում։ Ասաց՝ միջադեպից տեղյակ է, առավոտյան դեպքի վայր է գնացել։ Թեկնածուն տարակուսած է՝ ինչո՞ւ են սլաքներն իր կողմ ուղղում։

«Ես չգիտեմ ինչի սլաքներն ուղղում են էս կողմ, բայց ձեզ վստահեցնում եմ, որ գոնե էսօր էս պահին հենց մեզ ու մեր թիմակիցներին սա ձեռնտու չի, սա զազրելի արարք է։ Ես արդեն հայտարարություն եմ արել և կխնդրեմ իրավապահներին օր շուտ, ժամ շուտ ուղղակի բացահայտել, որովհետև կապ չունի այսինքն ընտրական գործընթաց կլինի կամ ինչ կլինի։ Մտնել ընտանիք, բնակարան այրել, որտեղ կան երեխաներ, կին, ընտրություններից մեկ օր շուտ, սա կարելի է դիտել նաև սադրանք», - նշեց Գևորգյանը։

«Ազատության» հարցին՝ բացառո՞ւմ է, որ իր թիմակիցներից որևէ մեկը կապ ունի, պատասխանեց. «Բացառում եմ նման բան, այսինքն ընդհանրապես լոգիկա չկա»։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը չի շտապում կատարվածին գնահատական տալ։

«Ցանկացած գիտակից մարդ էլ կգիտակցի՝ սա զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ։ Ամեն դեպքում՝ ընտրություններից մեկ օր առաջ, այն էլ՝ մեր ենթաշտաբերի պետերից ինչ-որ մեկի հետ նման դեպք, չեմ ուզում քաղաքականացնել, բայց, ամեն դեպքում, գնահատականս այն է, որ ընտրության հետ կապված հնարավոր է և՛ լինել, և՛ ոչ։ Իրավական գնահատականը կտան մեր իրավապահ մարմինները», - ասաց Գուլյանը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց՝ ցանկացած վարկած կարող է լինել, այդ թվում և քաղաքական։

«Այդ թվում՝ վախի մթնոլորտ տարածելը գուցե, կամ սաստելու որևէ մեկի գործունեությունը, կամ պարզապես սեփական անպատժելիությունը ի ցույց դնելու։ Սա ոտնձգություն է մեր, չեմ ցանկանա չափազանցնել, բայց նաև մեր անվտանգության համակարգի, և ինքս էլ վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները շատ լուրջ, լրջագույնս կհակադարձեն այս միջադեպին, եթե նույնիսկ սա լինի քաղաքական մոտիվով ակցիա, ապա դա որևէ նշանակություն չի ունենալու վաղվա ընտրությունների հետ կապված։ Քաղաքացու անվտանգությունն ապահովված է ամենաբարձր մակարդակով, իրավապահ մարմինները օրնիբուն աշխատում են, և այս դրվագով եթե ինչ-որ մեկն էլ ցանկացել է խաթարել այդ վստահությունը սեփական անվտանգության քաղաքում կայունության և այլն, ապա լրջագույն հակադարձման է ենթարկվելու, ես վստահ եմ», - ընդգծեց Պետրոսյանը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահին գործով ձերբակալված անձ չկա։

Վաղը կայանալիք ընտրություններին Գրիգոր Գուլյանից ու Վահագն Գևորգյանից բացի մասնակցում է ևս երեք անկուսակցական թեկնածու՝ Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը և Արթուր Ղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG