Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները կքննվեն հունիսի 12-ին:
Վերաքննիչ քրեական դատարանից «Ազատությանը» հայտնել են, որ գործի քննությունը վարույթ է ընդունվել, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։