Մատչելիության հղումներ

Աբովյանում քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է


Աբովյանում քարոզարշավի վերջին օրն է՝ քաղաքը քարոզչական ձայների ու դիմանկարների մեջ կորած է։

Մեծադիր պաստառներից ամենահաճախ հանդիպում են 5 թեկնածուներից երկուսի դեմքերը՝ գործող քաղաքապետ, հիմա էլի թեկնածու Վահագն Գևորգյանն է ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը։ Աբովյանի ընտրություններում ինտրիգային է համարվում հենց նրանց միջև մրցակցությունը։

4 տարի առաջ Վահագն Գևորգյանին սատարում էր «Բարգավաճ Հայաստանը»։ Այսօր պնդում է՝ որևէ քաղաքական ուժ իրեն չի աջակցում, առաջարկում է՝ շարունակել միասին։

«Գոնե այս պահին որևիցե քաղաքական ուժ ինձ չի սատարել և գոնե որևիցե նմանատիպ պայմանավորվածություն ինչ-որ քաղաքական ուժի հետ երբևիցե չի եղել», - նշեց Վահագն Գևորգյանը։

Այսօր խորհրդարանում «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ Գևորգյանին չեն աջակցում, որովհետև դրա կարիքը չկա, իսկ իր թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Բաբայանն աջակցում է որպես թեկնածուի մանկության ընկեր։

«Նա մեր աջակցության կարիքը չունի, որ ունենար, քարոզարշավին ես կմասնակցեի, կասեի։ Ինքը իր գործով ապացուցել է և այսօր ընտրողը աբովյանցին է», - ընդգծեց Ծառուկյանը։

Վահագն Գևորգյանն իր շանսերը շատ բարձր է գնահատում և չի կարծում, թե հողափոխական արժեքները նոր՝ հեղափոխական թեկնածույով պետք է քաղաք մտնեն։

«Ես այդ հեղափոխության արժեքները դավանել եմ սրանից չորս տարի առաջ, երբ որ մարզպետարանը ամբողջական, տոտալ վերահսկում արեց Աբովյանի քաղաքապետարանում և գոնե ֆինանսական բլոկը ստուգել է իրենց թեկնածու Գրիգոր Գուլյանը և 6 միլիարդ շրջանառությունից գոնե որևիցե լումա, վատնում, յուրացում, չարահաշահում չի եղել», - ասաց Վահան Գևորգյանը։

«Ազատության» հարցին՝ քրեական գործն ինչի՞ հարուցվեց, պատասխանեց. «Քրեական գործը երկու անգամ մարզպետի հորդորով, խնդրանքով, դիմելով ներկայացվել է դատախազություն, դատախազությունը մերժել է, ևս մեկ անգամ՝ նորից է մերժվել։ Երրորդ անգամ՝ ընտրություններից 10-15 օր առաջ հարուցվում է քրեական գործ»։

Կոտայքի մարզպետն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր, թե Աբովյանում համայնքային հողերի կասկածելի աճուրդներով իրավապահները պետք է զբաղվեն, այժմ քրեական գործ է հարուցված։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը համայնքապետի գործունեությունն էլ, միջոցների օգտագործումն էլ լրիվ անարդյունավետ է համարում։ Առաջարկում է՝ քայլ անել։

«Մեր խնդիրն է մեր համայնքը, մեր Աբովյան քաղաքը զարգացնել, ոչ թե հետընթաց ապրել», - ասաց Գուլյանը։

Հարցին՝ կարծում է հետնընթա՞ց է ապրելու, պատասխանեց. «Այո, դա իմ գնահատականն է։ Տարիներ շարունակ անգործության է մատնվել»։

Գրիգոր Գուլյանը տնտեսագետ է, ղեկավարում է մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ տնտեսական վարչությունը։

«Ունեմ մաքուր կենսագրություն, պարզ ճակատ», - ասաց բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Գուլյանը շեշտեց՝ բարձր է գնահատում իր քաղաքական թիմի աջակցությունը, վարչապետ Փաշինյանի գլավորությամբ քաղաքում անցկացված քայլերթը՝ ի աջակցություն իրեն։ Հաղթելու է՝ չի կասկածում։

«Մենք հեղափոխական թևն ենք և մեր կուսակցությունը կառուցողական է։ Հաղթանակը գնահատում եմ նրանով, որ քաղաքացիների հետ շփվելիս տեսնում եմ, որ քաղաքացիները ուզում են, ցանկանում են, որ մեր քաղաքում բարեփոխումներ տեղի ունենան», - նշեց Գրիգոր Գուլյանը։

Աբովյանի քաղաքապետի 5 թեկնածուներից՝ իրավաբան Սասուն Գրիգորյանը բոլորովին էլ համաձայն չէ, թե քարոզարշավում ֆավորիտներ կան։ Նախ նա ունի սոցհարցումներ, որոնցով առաջատարը հենց ինքն է։

«Դրածո քաղաքապետ էս քաղաքին պետք չի։ Գործողը գիտենք ում դրածոն է՝ «Բարգավաճ Հայաստան», էս մեկին էլ ուզում են դնեն, երեկ վարչապետի այցը, քարոզին մասնակցելը նույն բանն է։ Եթե լավ ուժեղ է, թողեք թող քաղաքացին ընտրի», - ընգծեց Սասուն Գրիգորյանը։

Թեկնածու Գրիգորյանի կարծիքով վարչական ռեսուրսն անխնա օգտագործում է թե՛ քաղաքապետը և թե՛ իշխանության թեկնածուն. «Օրինակ, մարզպետը իր ծառայողական մեքենան օգտագործում է. հիվանդանոցների տնօրեններ, աշխատողներ, բուժաշխատողներ, դպրոցի ուսուցիչներ ամեն կողմից խոսում են, որ ճնշում կա՝ «էս մեկին իր շտաբում ենք տեսել, եղբորդ ասա չգնա»։ Նույնը մյուս կողմից՝ իմ շտաբում մարդ են տեսել, էսի ռեսուրս չի՞»։

Վստահ է՝ հաղթելու է առանց քաղաքը պաստառներով ու կոչերով ողողելու. «Մի հատ շտաբ ունեմ, մի հատ նկար ունեմ և ես»։

Թեկնածուներից Մանուկ Մկրտչյանն Ազգային անվտանգության պաշտոնաթող փոխգնդապետ է, 57 տարեկան է և նոր Աբովյան է ուզում։ Ավելի կոնկրետ՝ արտերկրի իր ընկերի ներդրումներով ծաղկեցնել քաղաքը։

«Թիվը կոմերցիոն գաղտնիք է, ես չեմ հայտարարի։ Համոզված ասում եմ, որ ներդրումներ լինելու են մեր քաղաքում», - ասաց Մկրտչյանը։

Նա կարծում է՝ քարոզարշավի համար հավասար պայմաններ են ստեղծված, եթե ինչ-որ ահազանգեր էլ կան, ասում է աննշան են՝ ընդհանուր մթնոլորտի վրա չեն ազդում։ Քաղաքապետի մեկ այլ թեկնածուի՝ Արթուր Ղազարյանի համար քարոզչական պայմաններն անհավասար են, արձակուրդ վերցրած ու քարոզի լծված պաշտոնյաներն ու պատգամավորները՝ շատ։

«Պայքարը էն պարագայում կարա լինի հավասար, երբ մարդիկ հավասար ուժերով մտնում են պայքար։ Երբ գալիս է օժանդակ ուժ արդեն, օժանդակ հրետանի, օդուժ է գալիս, էդ ժամանակ պայքարը չի կարա լինի հավասար հետիոտն պայքարի մեջ», - ընդգծեց Ղազարյանը։

Արթուր Ղազարյանը հատուկ ծառայությունների սպա է եղել, հիմա չի աշխատում։ Վստահ է՝ շանսերը հաղթական են ու շուտով քաղաքապետարան կմտնի։

Այս կիրակի Աբովյան քաղաքում կբացվի 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 հազար 600 է, նրանց գոնե կեսը ավանդաբար մասնակցում է ընտրութուններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG