«Ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության քարոզ հնչեցնող ուժերին», - երեկ իրավապահներին տրված վարչապետի այս հանձնարարականից հետո նույն օրը՝ կեսգիշերին, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել մի խումբ անձինք:
Ոստիկանությունից փոխանցեցին՝ հասարակական կարգի ապահովման, ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով իրականացված ծառայության շրջանակներում է այդ գործողությունն արվել, բաժիններ տարված մարդիկ տարբեր իրավախախտումներ են կատարել: Ոստիկանությունից խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ իր ֆեյսբուքյան էջում է հայտարարություն տարածել, թե կեսգիշերին իր հարազատներից մեկը վարձակալած տարածքի դուռը կողպելիս է եղել, երբ նրան են մոտեցել երկու հարբած ոստիկաններ և ծեծի ենթարկել:
«Հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են մեքենան և տարել բաժին: Ճանապարհին ևս նրան հարվածել են, որի արդյունքում կոտրվածք է ստացել դեմքի շրջանում: Եվ երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, միացել են ևս մի քանի ոստիկաններ և հարվածներ հասցրել նրան: Էսպե՞ս ա կատարվում վարչապետի հորդորը, հա՞», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Խաժակյանը: - «Ես ակնկալում եմ, որ բոլոր ոստիկանները, ովքեր ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն և առաջիկայում ազատվեն աշխատանքից»:
Դավիթ Խաժակյանն, ըստ ոստիկանության հաղորդագրության, հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ, ինչի հիման վրա էլ, ծառայողական քննություն է սկսվել:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ իրավապահները չպետք է սպասեին վարչապետի հանձնարարականին: - «Նման հայտարարությունները, որ՝ խմբեր կան, պատրաստվում են, հարձակումներ են անելու, սա անհանգստություն է մտցնում մարդկանց մեջ: Այս անհանգստությունը պետք է չհասնի մինչև հանրությունը, այս հանցագործությունները պետք է կանխվեն նախապես: Այնպես որ ինձ համար անընդունելի էր հայտարարությունը, անընդունելի են գործողությունները, ես լուրջ վտանգ եմ տեսնում ԱԱԾ-ի և մնացած այդ բոլոր կառույցներում, որոնք պատասխանատու են: Ամեն մեկդ ձեր պաշտոնում, ձեր տեղում չեք, եթե վարչապետն է արձագանքում սևազգեստների հարցերին», - ասում է իրավապաշտպանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև օրերս ծեծի ենթարկված ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հայտարարությանը հաջորդած դաշնակցականների ֆլեշմոբին էր անդրադարձել: Ըստ իրավապահների՝ նրանց թիվը 15-ն է եղել, հերթով ներկայացել ու ասել են՝ ես եմ ծեծել: Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե դա կազմակերպված ակցիա է, դրա գնահատականը պետք է փոխվի: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրգործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե: Նաիրա Հարությունյանին՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին, հարցրինք՝ իրավական գնահատական տրվե՞լ է, պատասխանեց՝ ստացել են ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու քրեական գործը, այս պահին կա երկու կասկածյալ: ֊ «Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամներ չեն, այսինքն՝ այն անձինք, ովքեր նախկինում ներկայացել և հայտարարել էին, որ իրենք են ծեծել Վարդան Հարությունյանին, իրականությանը չի համապատասխանում: Յուրաքանչյուր անձի կատարած գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական»:
Վարչապետը նաև նշել էր, որ իրավական կոշտ պատասխան պետք է ստանան բռնության կոչեր հնչեցնող բոլոր քաղաքացիները, եթե անգամ դրանք կլինեն իրենց աջակիցները:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է՝ այդ կոչերը նախ համացանցից են սկսվում, երբեմն նաև ֆեյք օգտատերերի կողմից: Ասաց՝ բռնության կոչեր են հնչել իր և մի շարք իրավապահների, լրագրողների և անգամ ներկայիս ԱԺ պատգամավորների հասցեին, դրանց մի մասով իրավապահները ժամանակին զբաղվել են, բայց հետո գործերին ընթացք չի տրվել՝ «վիրավորանք ու սպառնալիք հնչեցնելը քրեականացված չէ» հիմնավորմամբ:
Իրավապաշտպանների պնդմամբ, հասունացել է օրենսդրական փոփոխություն անելու պահը: Հովհաննիսյանը կարծում է, որ հատկապես համացանցում բռնության կոչեր հնչեցնող խմբերը նախկին իշխանությունների կողմից են ուղղորդվում և ոստիկանները նրանց լավ գիտեն:
«Որովհետև ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը ուղիղ սպառնալիք էր նախկին գործող ռեժիմին: Այժմ այդ նախկինները չունեն իշխանություն, սակայն ունեն և՛ այս խմբերի հանդեպ որոշակիորեն ազդեցություն, և՛ ֆինանսական ռեսուրսներ՝ մեդիաներ բացելու, ինտերնետային տարբեր տարածքներում որոշակի խնդիրներ լուծելու ռեսուրսներ», - մեկնաբանեց Հովահննիսյանը:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մտահոգված է՝ մարդը հնարավորություն ունի ապացուցելու, որ իրեն ուղղված սպառնալիքն իրական է, երբ դառնա դիակ՝ հակառակ դեպքում օրենքն ասում է՝ քրեական գործ հարուցել հնարավոր չէ, որովհետև հիմնականում հստակ չեն այդ սպառնալիքները:
Զարուհի Հովհաննիսյանը նույնն է պնդում ու հիշեցնում այսօրվա իշխանությանը, որ այդ սևազգեստներին իրենք տարիներ առաջ են ֆիքսել, ոստիկանությունը նույնպես:
«Սևազգեստներին տեսել ենք նախընտրական ժամանակահատվածներում, ոստիկանությունը այդ բոլոր տվյալները ժամանակին էլ ուներ և համագործակցում էր, ցավոք սրտի: Եվ հիմա այն կանխարգելիչ գործունեությունը, որը պետք է կատարեր գոնե հեղափոխությունից հետո, ունենալով այդ օպերատիվ ամբողջ բազան այդ մարդկանց մասին և թույլ տալ, որպեսզի նրանք բավականին անարգել գործեն և անցնեն արդեն ակցիաների մակարդակով գործունեության հարվածում է հեղափոխության արժեքներին», - ասում է Հովհաննիսյանը: