Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանը կարևորում է Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները


Հայաստանի վարչապետի և Բուլղարիայի նախագահի հանդիպումը
Հայաստանի վարչապետի և Բուլղարիայի նախագահի հանդիպումը

Հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ, և Հայաստանի ու Բուլղարիայի կառավարությունները պետք է գործնական քայլեր իրականացնեն միջպետական հարաբերություններին նոր ազդակներ հաղորդելու համար: Նա կարևորել է Բուլղարիայի կարևոր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նշել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ: Փաշինյանը ողջունել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Բուլղարիայի խորհրդարանի կողմից ու ընդգծել, որ այդ համաձայնագրի լիարժեք գործարկումը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրապնդմանն ու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Հայաստանը կարևորում է Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ասել է վարչապետը:

Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ժողովրդավարական փոփոխություններին: Բուլղարիայի նախագահի խոսքով` երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ, որի իրացմանը կարող է էապես նպաստել Բուլղարիայի հայ համայնքը, որը հաջողությամբ ինտեգրված է երկրի հասարակական կյանքին և մեծ ներդրում ունի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ Հայաստան այցի ընթացքում եղել է «Թումո» կենտրոնում ու տպավորվել վերջինի գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում «Թումո»-ի մասնաճյուղի ստեղծմամբ և ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությամբ քայլերի իրականացմամբ:

Փաշինյանը և Ռադևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, մասնավոր հատվածի միջև գործնական կապերի զարգացումը, ներդրումային համատեղ նախագծերի քննարկումն ու իրականացումը, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում գործակցության ընդլայնումը, ինչպես նաև համատեղ ֆորումների անցկացումը, որոնք կնպաստեն գործարար կապերի խթանմանը: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ:

«Յանդեքս»-ի ղեկավարները ներկայացրել են Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են Հայաստանում «Յանդեքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են կառավարության հետ սերտ համագործակցության: Նրանք հայտնել են, որ «Յանդեքս»-ը հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես՝ զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:

Փաշինյանը ողջունել է «Յանդեքս»-ի ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG