Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է հետաքննող լրագրող Իվան Գոլունովը


Մոսկվայում ձերբակալվել և մեկուսարանում ծեծի է ենթարկվել «Մեդուզա» ինտերնետային պարբերականի լրագրող Իվան Գոլունովը: Նա հայտնի է Ռուսաստանի իշխանությունների և նրանց մերձավորների կոռուպցիոն գործերի հետաքննություններով:

Ոստիկանությունը հայտնել է, որ նրա պայուսակում թմրանյութ է հայտնաբերվել, ու նա կասկածվում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր իրացնելու մեջ:

Գոլունովը մեղադրանքը չի ընդունել, պնդելով, որ այդ պայուսակը իրենը չէ: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը:

«Մեդուզա»-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Լատվիայում, պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին: «Մենք համոզված ենք, որ Իվան Գոլունովն անմեղ է: Ավելին, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նա թիրախավորվել է իր լրագրողական գործունեության համար: Մենք գիտենք, որ նա վերջին ամիսներին սպառնալիքներ է ստացել, մենք գիտենք սպառնալիքների պատճառները և պատկերացում ունենք՝ որտեղից են դրանք հնչել», - նշված է «Մեդուզա»-ի գլխավոր տնօրեն Գալինա Տիմչենկոյի ու գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովի այսօրվա համատեղ հայտարարությունում:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Գոլունովի ձերբակալությունը քաղաքական է համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG