Մատչելիության հղումներ

«Նախագահը բոյկոտեր, թե՞ իր ներդրումն ունենար պետության բարեփոխումների գործընթացում». Լուսինե Հակոբյան. «Ըստ էության»


Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, ըստ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Հայկ Մամիջանյանի, զոռբայության հաղթանակ է սահմանադրականության նկատմամբ։

«Նախագահը՝ Սահմանադրության երաշխավորն, առաջադրեց մի մարդու, ով մինչև հիմա ասում է, որ կասկածում է իրա լեգիտիմության վրա: Պարզ տրամաբանությամբ՝ եթե դու առաջադրվում ես ոչ լեգիտիմի կողմից, ոնց որ դու էլ ես պակաս լեգիտիմ, թե՞ էդ մի որոշումը լեգիտիմ է։ Հաջորդ կետը՝ ինձ շատ հետաքրքիր է էդ թուղթը ստորագրելուց պարոն Սարգսյանի զգացողություններն՝ արդյո՞ք աչքի առաջ եկավ այն տեսանյութը, որտեղ Սահմանադրական դատարանի արդեն թեկնածու պարոն Գրիգորյանն իրեն դեմագոգ է անվանում», - ասաց Մամիջանյանը։

«Ազատության» հարցին, թե Արմեն Սարգսյանն ինքնուրո՞ւյն չի կայացրել այս որոշումը, ՀՀԿ անդամը պատասխանեց. - «Սա զոռբայության հաղթանակն է սահմանադրականության նկատմամբ»։

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ լեգիտիմության հարցն իրենց կազմակերպության իրավաբաններն էլ են բարձրացրել։

«Բայց դա մեզ չի խանգարել հետո կոչ անելու Արմեն Սարգսյանին՝ կազմակերպել մրցակցային գործընթաց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Մենք բազում անգամներ նաև որպես դիտորդական առաքելություն քննադատել ենք և ոչ լեգիտիմ ենք դիտարկել 2012 թվականից անցկացված բոլոր համապետական ընտրությունները՝ բացառությամբ նախորդի, բայց դա մեզ չի խանգարել՝ այդ ընտրությունների արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի կողմից նշանակված դատավորների և այլնի վարած նիստերին գնացել և մասնակցել ենք, որովհետև այդտեղ եղել է մարդու իրավունքների պաշտպանության խնդիր։ Նույն քաղաքական ուժերը, նախկինում որոնք լեգիտիմ չեն համարել ընտրությունները, վիճարկել են դրանք Սահմանադրական դատարանում, բայց վերցրել են մանդատները և գնացել, մասնակցել։ Էս պահին Արմեն Սարգսյանը զբաղեցնո՞ւմ է նախագահի պաշտոնը, տեղի՞ է ունեցել անցած տարի հեղափոխություն, իրավիճա՞կ է փոխվել, ի՞նչ պետք է անի անձը՝ բոյկոտի գնա նստի տանը ոչինչ չանի՞, թե՞ իր ներդրումն ունենա պետության բարեփոխումների, բարեկարգման գործընթացում», - ասաց Հակոբյանը։

Ազգային ժողովը մայիսի 29-ին մերժեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Վաղարշյանը Արմեն Սարգսյանի ներկայացրած չորրորդ թեկնածուն էր. Ազգային ժողովը չէր հաստատել նաև նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին և Էմիլ Բաբայանին։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը նախագահն առաջին անգամ առաջադրեց անցած տարի՝ հեղափոխությունից հետո, նրա ընտրությունը տապալեց այն ժամանակ խորհրդարանական մեծամասնություն Հանրապետականը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG