Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինյան» պալատում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Շատ ուրախ եմ ողջունել ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում», - դիմելով Փաշինյանին՝ ասաց Վլադիմիր Պուտինը, կրկին ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի առաջատար գործընկերն է: - «Կասկած չունեմ, որ ձեզ հետաքրքիր և օգտակար կլինի օգտակար մասնակցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի քննարկումներին, սա լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու և քաղաքական բնույթի որոշ հարցերի շուրջ խոսելու համար», - հավելեց Ռուսաստանի նախագահը:
Ողջունելով Փաշինյանին, ով առաջին անգամ է մասնակցում 1997-ից Պետերբուրգում անցկացվող տնտեսական համաժողովին, Պուտինը պնդեց՝ երկկողմ հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դրանք առանձնահատուկ ու ռազմավարական բնույթ ունեն․ - «Մենք դա պարբերաբար անում ենք, բոլորովին վերջերս ենք ձեզ հետ հանդիպել, շատ հարցեր քննարկել: Ուղղակի հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 26 տոկոսը, ռուսական ուղղակի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 2 միլիարդ դոլար: Դա և այլ հարցեր վկայում են մեր հարաբերությունների առանձնահատուկ, ռազմավարական բնույթի մասին»:
Հայաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց՝ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն ու համաչափ:
«Առաջին անգամ հանդիպել ենք մեկ տարի առաջ, և այս ընթացքում՝ պարբերական շփումներում, փաստացի խոսել ենք մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի շուրջ: Մեր հարաբերությունները ռազմավարական են, դաշնակցային, ինչպես դուք ասացիք, և դա վերաբերում է ոչ միայն երկկողմ կապերին: Մենք նաև ակտիվ համագործակցում ենք ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր այս ուղղությունները մեր երկրների համար ռազմավարական նշանակություն ունեն»:
Խոսելով համագործակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նաև դրա կոնկրետ արդյունքներ վկայաբերեց՝ մենք այս տարի բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ ունենք, առաջին եռամսյակի տվյալներով տնտեսության աճը կազմել է 7,1 տոկոս աճ, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9,2 տոկոսի․ - «Ես այս մասին ասում եմ, քանի որ այս ցուցանիշները դրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կապված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցության ու ռուսական շուկաներ մտնելու՝ հայ բիզնեսմենների հնարավորության հետ: Սա շատ կարևոր է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն կոտրի այս աճի թափը»:
Թե կոնկրետ ինչ հարցեր են օրակարգում՝ Փաշինյանը չմանրամասնեց, սակայն, խոսքի վերջում անդրադարձավ Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկներին, պնդելով, թե՝ «այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:
Լրագրողների ներկայությամբ տեղի ունեցած կարճատև զրույցից հետո երկու ղեկավարները հանդիպումը շարունակել են փակ դռների հետևում. սա Փաշինյանի ու Պուտինի արդեն 8-րդ հանդիպումն է, որի նախաշեմին Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել էր՝ կողմերը պատրաստվում են քննարկել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ: