Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի դեմ նրա պաշտպանական խմբի բողոքի քննությունն այսօր ավարտվեց:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը կհրապարակի որոշումը՝ բավարարելո՞ւ է բողոքը, թե՞ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ: Քոչարյանի պաշտպանական խումբը համարում է, որ նրա գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումը անօրինական է: Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանից դրական ակնկալիք ունի:
«Ցանկացած դեպքում, երբ որ դիմում ենք դատարան ինչ-որ բողոքով, ակնկալիքը միանշանակ այն է, որ այդ բողոքը պետք է բավարարվի։ Հարցը այլ է, թե դատարանը խորհրդակցական սենյակում ինչ որոշում կկայացնի։ Մասնագիտական տեսանկյունից ասեմ, որ իմ կարծիքով, ակնհայտ է, որ ներկայացված բողոքը հիմնավոր է», - նշեց Խուդոյանը։
Պաշտպանը հիշեցնում է՝ գույքը կալանքից ազատելու պաշտպանների բողոքը բավարարելու նախադեպ կա նույն գործով: Խոսքը Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվողներից մեկի՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասին է, որի գույքը կալանքից ազատելու պաշտպանների բողոքը վերջերս դատարանը մասնակի բավարարեց:
«Ներկայացված մեկ այլ դատական ակտ նմանատիպ դեպքով պարոն Արմեն Գևորգյանի վերաբեյալ դատարանը վերջերս որոշում կայացրեց կրկին նույն հիմնավորումներով և բավարարելով բողոքը՝ դրան որպես դատական ակտի հղում ենք կատարել և նաև ներկայացրած դիրքորոշումները դատարանի դռնբաց դատական քննության ընթացքում և դատախազության ոչ համոզիչ պատասխանները, կարծում եմ, բավարար են ներկայացված բողոքը բավարարելու համար», - ասաց Խուդոյանը։
Գույքի վրա արգելանք դրվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, անցած տարվա հուլիսից, երբ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրվեց: Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է՝ գույքն ու դրամական միջոցները կալանքի տակ են օրենքի պահանջով։
Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքների պաշտպանի միջամտությամբ հանվել էր: