«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ քննարկել ենք Հայաստանի ներքաղաքական վիճակը, Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև հեռակա բանավեճը, արտաքին մարտահրավերները: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
Սեֆիլյան․ - Օր առաջ Երևանը պետք է միջամտի ստեփանակերտյան ներքին խոհանոցին և այնտեղից պետք է հեռացվեն Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդները, դրա փոխարեն կարելի է ժամանակավոր կառավարություն ձևավորել անցումային փուլի ժամանակահատվածի համար և նախապատրաստվել նոր, արդար ընտրությունների միջոցով նոր ղեկավարություն ձևավորել:
«Ազատություն»․ - Դուք կարծում եք՝ այն իշխանությունը, որը այսօր էլ կա Լեռնային Ղարաբաղում՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդնե՞րն են, ինչպես Դուք ասացիք:
Սեֆիլյան․ - Անշուշտ: Եվ ոչ միայն Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդները, այլև հայտնի հինգերորդ շարասյան ներկայացուցիչներն են: Ինչպես տեսնում եք՝ կարծես նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը այսօր Արցախում եթե վերևից դիտարկենք նրա պատկերը, կարծես ինչ֊որ մի սենյակում անկյունումա հայտնվել, անելանելի վիճակումա հայտնվել: Այստեղ հինգերորդ շարասյան գործունեությունը և Սերժ Սարգսյանի գործունեությունը ես կտարանջատեի, որովհետև անցյալ տարի մայիսյան փոփոխություններից հետո, իմ համոզմամբ, նա իր տերերի մոտ այլևս նախկին վստահությունը չի վայելում: Ավելին, ես կարծում եմ, որ Կրեմլում Սերժ Սարգսյանը արդեն սև ցուցակում է և այսօր նա ինչ կատարում է Արցախում ըստ էության բլեֆով է զբաղված՝ կաշառում է Վիտալի Բալասանյաններին և այլ թոշակառու գեներալներին հավաքելով իր շուրջ, ինչ֊որ լոլոներ կարդալով, սուտ խոստումներ տալով փորձում է ինքն իրեն ուժեղ ցույց տա, որովհետև առաջիկա ժամանակներում նրա ձերբակալվելը օրակարգում է: Այո, ինչքան էլ որ պարոն Փաշինյանը ուշացնում է այդ գործընթացը, բայց մենք գիտենք, որ դա մեր ժողովրդի պահանջն է և ուշ թե շուտ լինելու է:
«Ազատություն»․ - Ո՞վ է գլխավորում հինգերորդ շարասյունը:
Սեֆիլյան․ - Պարզ է՝ բոլորս ականատես ենք այս ամիսների ընթացքում տարբեր մակարդակի կոմիսարներ, էմիսարներ գալիս են Կրեմլից տեղում համապատասխան աշխատանք տանելու նպատակով: Բարեբախտաբար, սակայն, նրանց բոլոր միսիաները դատապարտված են ձախողման, որովհետև գետնի վրա այնտեղ մեր ժողովուրդը շատ պինդ է կանգնած, միասնության գաղափարը գերակշռում է գետնի վրա և բոլոր փորձերը այս օրերին՝ Արցախի աբխազացման, դատապարտված են ձախողման:
«Ազատություն»․ - Ո՞րն է հինգերորդ շարասյան նպատակը: Դուք ասացիք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Բակո Սահակյանի գլխավորությամբ, փաստորեն հինգերորդ շարասյուն են: Ո՞րն է այդ շարասյան նպատակը:
Սեֆիլյան․ - Բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը, որպես թեկնածու, ըստ էության պարտադրվեց Կրեմլին: Այսինքն, մենք հիշում ենք, որ այդ փոփոխությունը, որը պետք է տեղի ունենար Երևանում, պլանավորված էր՝ Սերժին հեռացնել՝ փոխարինելով Կարեն Կարապետյանով, սակայն և՛ Նիկոլի հմտությամբ, և՛ մեր ժողովրդի աննախադեպ ակտիվությամբ վիժեցվեց կրեմլյան այդ պրոյեկտը և դրա փոխարեն անսպասելիորեն հայտնվեց կարևորագույն այդ պաշտոնին Նիկոլ Փաշինյանի նման անձնավորություն: Այդ երևույթը Մոսկվան այդպես էլ չի կարողանում մարսի, այսինքն՝ ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն, ժողովրդի կամքի արտահայտություն: Սա խորթ երևույթ է հետխորհրդային պետություններում և դրանից խիստ սարսափում է Կրեմլը և այդ պատճառով նրանք ամեն ինչ անում են առաջին օրվանից սկսյալ, որ մեր իշխանությունները ձախողվեն: Եվ հինգերորդ շարասյունը լծված է այդ ձախողման գործունեությանը: Եվ ի վերջո՝ հետևյալն է․ նրանք ոչ թե վախենում են Նիկոլ Փաշինյան գործչից, այլ նրանք վախենում են, որ ժողովրդի կամքի արտահայտմամբ տեղի է ունեցել փոփոխություն և այդ ղեկավարը եթե ունենա հաջողություն, այդ հեղափոխական բացիլը կհասնի Ռուսաստան: Այս երևույթը նրանք չեզոքացնելու խնդիր ունեն: Այսինքն, հինգերորդ շարասյան կարճաժամկետ նպատակը ես կարող եմ հետևյալ ձևակերպումը տալ՝ մեր երկրում, նկատի ունեմ Արցախը ներառյալ, ստեղծել կառավարելի քաոս: