Այսօր կառավարության նիստի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարեց ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության քարոզ հնչեցնող ուժերին, որոնց թվում են նաև նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները:
Փաշինյանը նույնիսկ սևազգեստ մարդկանց խմբերի մասին ստացած օպերատիվ տվյալներ հրապարակեց․ - «Էդ սևազգեստ խմբերին պետք ա տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:
Վարչապետը խոսեց նաև Ազատության հրապարակը երթևեկելի գոտի դարձնելու և այլ խուլիգանական փորձերի մասին, կարծիք հայտնելով, որ դրանք ոչ թե առանձին իրավախախտումներ են, այլ համակարգված գործունեություն, որի նպատակն է տպավորություն ստեղծել, թե երկրում անիշխանություն է, իրավակարգն էլ թույլ է: Մինչև նիստի մեկնարկը գործադիրի ղեկավարը այս հարցերի շուրջ քննարկում էր ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
«Բացարձակապես կապ չունի, թե այդ բռնության քարոզը իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, հանդես են գալիս որպես ընդդիմության համակիր․․․ բացարձակապես կապ չունի», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետը, - «Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք ա ստանա կոշտ հակահարված: Հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք ա տասը անգամ մտածեն, ու եթե տասը անգամ մտածելուց հետո այնուամենայնիվ գնան դրա նման գործողությունների, ուրեմն տասը անգամ պետք ա հակահարված ստանան, և էդ հակահարվածը պետք ա չլինի թավշյա, էդ հակահարվածը պետք ա լինի երկաթյա»:
Գործընթացին ներգրավվելու հանձնարական ստացավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով խոսեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ նկատելով, որ դատախազությունը դեռ երկու տարի առաջ էր մշակել նախագիծ, որով առաջարկվում էր քրեականացնել հանցագործություն կատարելու կոչերը, մինչդեռ Ազգային ժողովը քրեականացրեց միայն ահաբեկչություն կատարելու կոչերը:
Դավթյանը առաջարկեց շարունակել քննարկումները, քանի դեռ խորհրդարանը օրենքը չի ընդունել: Ինչ վերաբերում է վարչապետի մատնանշած վերջին դեպքերին, մասնավորապես մեքենաների ապօրինի երթևեկությանը, դատախազը նկատեց․ - «Մեր պահանջն է հետաքննության, նախաքննության մարմիններից, որպեսզի դա չդիտարկվի որպես մեկ լոկալ դեպք, և դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են: Մենք հետևում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչները, դրդիչները, օժանդակողները, կամ եթե այլ, ավելի ծանր հանցագործություն է նախապատրաստվում, էս ամեն ինչը բացահայտվի»:
Փաշինյանը հանձնարարեց իր խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին սկսել աշխատանքերը դատախազի ներակայացրած նախագծի ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարևորելով բռնության դեմ պայքարը, պատրաստականություն հայտնեց մասնակցել այդ աշխատանքներին․ - «Եթե տեղի է ունենում բռնության քարոզ կամ բռնության կոչեր, և դրան պետությունը չի արձագանքում պատշաճ ու ժամանակին՝ իհարկե օրենքի սահմաններում, ապա դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն»:
Նիկոլ Փաշինյանը այս համատեքստում դիտարկեց նաև Կրթության նախարար Արթային Հարությունյանի բարձրաձայնած հարցը, թե ապատեղակտվություն է տարածվում, որ կառավարությունը չեղարկել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների 20 տոկոս զեղչը․ - «Նույն շղթայի տարբեր օղակներն են: Ո՞նց կարող ա ընդհանրապես էդպիսի բան լինել: Էդ էլ էն թեզն ա՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, չեն հարգում, հողերը ծախեցին, տվին, առած ա, ծախած ա․․․ Էդ նույն մարդիկ են և նույն շրջանակները: Եվ սա իսկապես ազգային անվտանգության խնդիր ա, պարոն Վանեցյան: Այսինքը հիբրիդային պատերազմ են վարում կոնկրետ էդ մարդիկ Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ էդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Լավ, հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս․․․ էդ գող-ավազակները իրանց էս երկրում պիտի լավ զգա՞ն: Դրանք պետք ա մայթերի տակով, մասկիրովկայով քայլեն: Դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր ա: Եվ լրջորեն զբաղվեք էս հարցերով»:
Փաշինյանը ոստիականապետին հանձնարարեց ձևավորել խումբ, որը կաշխատի սովորականից 10 անգամ ավելի արագ ընթացակարգերով, և արդյունքերը կարճ ժամանակում տեսանելի կլինեն:
Օսիպյանը վստահեցրեց, որ հանձնարարականներ արդեն կան այս ուղղոթյամբ:
Արդեն լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկելու: Օսիպյանը համաձայն չէր նաև, որ վարչապետի խոսքում ոստիկանության գործողությունների հանդեպ թերահավատություն կար․ - «Որևէ վախենալու մթնոլորտ չկա, որևէ վախենալու պահ չկա: Մեր քաղաքացիները ապահովված են, Հայաստանի Հանրապետությունը ապահով երկրներից մեկն ա: Օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: