Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյան․ Գեղամ Պետրոսյանի ցուցմունքը ամբողջությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված է


Սեդա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Սեդա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր մեղադրանք է առաջադրել 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին, կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան:

2008-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

«Մարտի 1»-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, նախօրեին հյուրընկալվելով «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարին, հայտարարեց՝ բարձրաստիճան ոստիկանը հեղափոխությունից հետո ցուցմունք է տվել, որ քննչական խմբի այժմ նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել՝ խնդիր են ունեցել թաքցնել զորքի մասնակցությունը:

Սեդա Սաֆարյան․ - Այս քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է պարզել, որ, այո, նա Փաստահավաք խմբում ստել է, նա ստել է նաև 2008 թվականին ցուցմունքներ տալու ժամանակ, երբ որ զորքը ի սկզբանե մասնակից է եղել այս ամենին, նա այս կապակցությամբ ցուցմունքներ է տվել և հայտնել է, որ այդ ժամանակ պետք է չերևար, որ զորքը մասնակցել է, իսկ դա խոսում է այն մասին, որ շատ լավ էլ հասկացել է իշխանությունը, որ զորքին ներքաղաքական կյանքում [ներգրավելը] օրինական չէ, և դրանով նաև ամրացրել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը: Ուզում եմ ասել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ սա իր դեմ ուղղված ցուցմունք չէ, պիտի լավ ուսումնասիրեն ու կտեսնեն, որ ամբողջությամբ իր դեմ ուղղված է:

Ցուցմունք է տվել նաև, որ ժամանակին Վահագն Հարությունյանի հետ, այո, պայմանավորվածություն է եղել էդ փամփուշտները փոխելու հարցում, և Գրիգոր Գրիգորյանի հետ է խորհրդակցել, Մհերյանի հետ․․․

«Ազատություն»․ - Սա նո՞ր ցուցմունքն եք իր ասում:

Սաֆարյան․ - Այսօրվա ցուցմունք չեմ ասում, ասում եմ 18 թվականին նրա տված փաստական տվյալները․․․

«Ազատություն»․ - Հեղափոխությունից հետո հարցաքննության:

Սաֆարյան․ - Այո, նրան մի քանի անգամ են հարցաքննել, և նա արդեն ստիպված է եղել որոշակի հարցերի հետ կապված մտնել փակուղի և բացատրել, թե ինչով է բացատրվում այն իրողությունը, ինչ որ ստեղծվել է:

«Ազատություն»․ - Ասացիք, որ նաև փամփուշտները փոխելու մասով, այսինքն՝ սա ինքնախոստովանակա՞ն ցուցմունք կարելի է համարել:

Սաֆարյան․ - Այո, ըստ էության, որպես վկա հարցաքննելու ժամանակ նա այդպիսի փաստական տվյալներ Հատուկ քննչական ծառայությանը տրամադրել է, և․․․

«Ազատություն»․ - Որ փոխել են փամփուշտները:

Սաֆարյան․ - Այո, որ Գրիգոր Գրիգորյանը իրեն ասել է, որ «գնա, և Հատուկ քննչական ծառայությունը ինչ որ ասի, էն էլ կանեք»: Անգամ էդ փամփուշտները փոխելու մեխանիզմն է բացատրել հետաքրքիր ձևով, որ՝ «կրակային միջոցառումներ կատարեցինք, ավել ցույց տվեցինք էդ կրակած փամփուշտները և տարանք փոխեցինք էդպես, որովհետև էդ ժամանակ զորքի կրակածը չպիտի երևար»:

Ուզում եմ ասել, որ, այո, էն ժամանակ, երբ որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը որոշակի հրապարակումներ արեց, շատ հիվանդագին ընդունվեց էդ հրապարակումները, ու այլ կարգի մեկնաբանություններ եղան, և զարմանալի է, որ այսօր պաշտպանական թևը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների, ծանոթանալով այս ցուցմունքներին, սենց լուռ, գլուխները կախ միայն կարողանում են պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ամենի մեջ անձեռնմխելի է:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG