Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Դրանք պետք է մայթերի տակով, մասկիրովկայով քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես»


Կառավարության նիստը, 6-ը հունիսի, 2019թ․
Կառավարության նիստը, 6-ը հունիսի, 2019թ․

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն երևույթի վրա, որ, «օրինակ, Երևանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել «ճռիկներ անել», էսպես ասած, ավտոմեքենաներ վարել մայթերով»:

«Սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և երկրում չկա իրավակարգ, կամ երկրում իրավակարգը թույլ է», - ընդգծեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կանոնների խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կանոնների խախտում չեն՝ սրանք բացահայտ արհամարհանք են հանրության նկատմամբ, օրինականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր էսպիսի դեպքերով պետք է զբաղվեն ոչ միայն պետավտոտեսչությունը, Ճանապարհային ոստիկանությունը, այլև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը, և նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»:

Վարչապետը փոխանցեց, որ այսօր առավոտյան տվյալ թեմայով նաև զրույց է ունեցել Ոստիկանության պետի հետ: Ի պատասխան կառավարության ղեկավարի հարցերի՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ասացին, որ առաջադրված խնդիրը պարզ է և կկատարվի:

Ապա Փաշինյանը դիմեց գլխավոր դատախազին՝ ասելով․ - «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Դատախազությունը նույնպես այս երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի՝ զուտ, առանձին վերցրած մեկնաբանության տեսակետից, այլև ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից»:

«Իմ կարծիքով՝ կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային անվտանգության և ազգային անվտանգության խնդիր է, և այս հարցերին մոտենալ ուղղակի զուտ Քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, ես կարծում եմ, այդքան էլ արդարացված չի», - շեշտեց վարչապետը:

«Եթե կա անհրաժեշտություն, նույնիսկ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, և բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա, ընդ որում, ես ուզում եմ ընդգծել՝ բացարձակապես կապ չունի, թե այդ բռնության քարոզը իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, հանդես են գալիս որպես ընդդիմության համակիր՝ բացարձակապես կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ՝ բռնության քարոզի համար <…>, պետք է տասը անգամ մտածեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ կան՝ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում տենց գրեն, որ «քաոսային վիճակ ա, լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ»․․․ Էդ էդ նույն շրջանակի, շղթայի տարբեր օղակներն են: Այսինքն, կարճ ասած, ո՞նց կարող է ընդհանրապես էդպիսի բան լինել», - նաև ասաց վարչապետը՝ շեշտելով․ - «Եվ սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան, այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում էդ մարդիկ կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեմ, և էդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են»:

«Այսինքն՝ լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, այսինքն՝ էդ գող-ավազակները իրենց պետք է էս երկրում լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, մասկիրովկայով քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես։ Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվեք էս հարցերով», - հայտարարեց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG