Մատչելիության հղումներ

Սորոսը՝ նախկին իշխանությունների աջակիցների հարձակումների թիրախում


«Վերջին օրերին քաղաքացիների մի խմբի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի գրասենյակի մոտ իրականացված ցույցերի թիրախավորված բնույթը, հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ սպառնալիքները, ազգային շահերի անվան տակ բռնության, ատելության խոսքի տարածման դրսևորումները անընդունելի են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից», այսօր հայտարարել են շուրջ 7 տասնյակ հասարակական կազմակերպություններ այն բանից հետո, երբ վերջին շաբաթվա ընթացքում մի խումբ քաղաքացիներ 2 անգամ բողոքի ակցիա են արել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գրասենյակի մոտ:

Հայաստանի քաղհասարակության գրեթե բոլոր հայտնի կազմակերպությունների հայտարարությունում նաև նշվում է, որ այդ բողոքի ակցիաները կազմակերպող խումբը՝ «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մտացածին ենթադրություններ տարածելով ապարդյուն փորձ է անում նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման ձևավորման գործում Բաց հասարակության հիմնադրամների դերը, որը մշտապես աջակցել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը»։

Բողոքի ակցիաների կազմակերպիչ այժմ ակտիվիստ, ոստիկանության նախկին աշխատակից Նարեկ Մալյանի հետ կապ հաստատել և ստանալ արձագանք հայտարարությանը «Ազատությանը» չհաջողվեց։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ղեկավարած կազմակերպությունը ևս միացել է հայտարարությանը։ Ասում է՝ իր գրասենյակը հարևանությամբ է գտնվում, բողոքի վերջին ակցիային պատուհանից է հետևել։

«Մենք սա պետք է դիտարկենք հանրային շահի տեսանկյունից: Շատ հնարավոր է՝ ինքը պատվեր ունի՝ գալ, կանգնել և այդ ագրեսիան այստեղ դատարկել: Փառք Աստծո, մեծ փորձ ունենք խաղաղ հավաքների և մասնակցել ենք շատ և շատ լավ գիտենք, թե դա ինչ բան է: Եվ Նարեկ Մալյանը չգիտի դա ինչ բան է, որովհետև մեր խաղաղ հավաքները բռնի կերպով ոստիկանությունը ծեծում, ջարդում և մարդկանց տանում էր: Եվ այդ ագրեսիան նրա վրա շատ մեծ հետք է թողել դեռ այն տարիներին, որ նա աշխատում էր այնտեղ», - ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Մալյանը և նրա աջակիցները հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրած կազմակերպության դարպասներից ոչ հեռու բողոքի ակցիաներ իրականացնելիս պահանջներ հիմնադրամների Հայաստանի գրասենյակին չեն ներկայացրել։ Նրանք հիմնականում հանդես են եկել կոչերով, որ այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանում պետք է արգելել։ Ակցիայի մասնակիցների շարքում էր վերջին ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Մենուա Հարությունյանը։

«Սորոսի հիմնադրամ չպիտի լինի Հայաստանում, և Հայաստանում օտարերկրյա գործակալներ չպետք է լինեն, իսկ էսօր մենք հասել ենք այնտեղ, որ մեզանում արդեն ձևավորվելա մթնոլորտ, որ Սորոսի տնօրենը հայտարարումա, որ իրանք մասնակիցն են ու փայատերն են այսպես կոչված հեղափոխությանը: Իսկ քանի որ էս հեղափոխությունը իրականում սահմանադրական կարգը տապալելու արդյունքում իշխանության բռնազավթումա, էդ նշանակումա, որ Սորոսը հայտարարումա, որ ինքը, լինելով օտարերկրյա ֆոնդ, աջակցելա, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթվի», - պնդում էր Մենուա Հարությունյանը:

Հունիսի 3-ի ակցիայի ընթացքում Նարեկ Մալյանը հայտարարում էր՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը ցանկանում է, որ Հայաստանում արյուն թափվի․ - «Իրանք են ուզում, որ հայաստանցիները արցախցիների դեմ դուրս գան, մարդիկ իրար հետ բախվեն, արյուն լինի, քաղաքացիական պատերազմ լինի: Դա Լարիսա Մինասյանի երազանքնա: Մենք էստեղ ենք հենց էդ ամեն ինչը թույլ չտալու համար»:

Ակցիայի մասնակիցները օգտագործում էին գռեհիկ բառապաշար, երբ ոստիկանները նրանց թույլ չէին տալիս մոտենալ կազմակերպության դռներին, բացի այդ վիրավորական խոսքեր էին հնչեցնում Բաց հասարակության հիմնադրամների շահառուների հասցեին։

«Մենք չենք ծեծելու, չենք սպանելու, չենք բռնաբարելու Լարիսա Մինասյանին: Մենք գնում ենք մեր դիտողությունները, մեր անհամաձայնությունը հայտնենք, և դա անելու ենք անպայման: Սորոսի հիմնադրամը հավաքագրել է Հայաստանի Հանրապետության ամենաստոր և ամեն ինչի ընդունակ քաղաքացիներին, ամենատականք խավին», - ասում էր Մալյանը:

Հայաստանում ավելի քան 20 տարի գործող կազմակերպության ղեկավար Լարիսա Մինասյանի խոսքով ակցիայի մասնակիցները ոչ միայն սուտ տեղեկություններ են տարածում իրենց գործունեության մասին, այլև սպառնալիք են հնչեցրել:

«Ընդհանրապես բաց ենք բոլորի համար և ամբողջ օրվա ընթացքում, սակայն հիմա ես ստիպված էի դիմել ոստիկանություն պաշտպանություն խնդրելու, և ոչ թե, իհարկե, քրեական գործ հարուցելու, ինչպես ասվում է: Պաշտպանություն առ այն, որ եղել են սպառնալիքներ», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Լարիսա Մինասյանը:

Հիմնադրամը վերջին 2 տասնամյակում Հայաստանում մոտ 53 միլիոն դոլարի ներդրում է արել՝ ֆինանսավորելով տարբեր ծրագրեր՝ կրթականից մինչև մարդու իրավունքների հարցեր, արդարադատության ոլորտի բարեփոխումներից մինչև ազատ մամուլի կայացում։

Հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ կենտրոնացել են հատկապես պետության հայտարարած կարևոր ոլորտների վրա․ - «Բոլոր ծրագրերը ուղղված են եղել օժանդակելու Հայաստանի Հանրապետության կողմից գոնե պետականորեն և պաշտոնապես հայտարարված այն փիլիսոփայությանը, երկրի ապագայի տեսլականին, որը եղել է: Այսինքն, աջակցություն են ստացել մեր կողմից ավելի արդյունավետ և արագ իրականացվելու»:

Բողոքի ակցիաների կազմակերպիչ Նարեկ Մալյանը իր հայտարարություններում, սակայն, կենտրոնացել էր հատկապես գործող կառավարության և Բաց հասարակության հիմնադրամների համագործակցության վրա։

«Կրթության նախարարության փոխնախարարները ուղղակիորեն սորոսականներ են, ձեր երեխաները վտանգված են, ձեզ դավանափոխ են անում», - իրենց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարում էր Մալյանը:

Մալյանի և նրա աջակիցների ակցիաները լայնորեն լուսաբանվել են հայկական մի շարք հեռուստաընկերությունների եթերում, այդ թվում այն ալիքների, որոնց սեփականատերերի անունները կապվում են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ակցիայի ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե ով է ֆինանսավորում Նարեկ Մալյանին, վերջինս պատասխանեց կատակելով՝ «Ռոբերտ Քոչարյաննա ինձ ֆինանսավորում․․․ բայց զույգ օրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG