Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն համագործակցելով՝ իրականացնում են ամեն ինչ, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտեն». ԱԱԾ տնօրեն


«Ազգային անվտանգության ծառայությունում արխիվային նյութերի անհետացման փաստով դեռ քրեական գործ չի հարուցվել, նյութերը շուտով կուղարկվեն քննչական մարմին», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ էդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի», - հավելեց Վանեցյանը:

Արխիվի անհետացման մասին ԱԱԾ ղեկավարությանը հայտնի է դարձել դեռևս մեկ տարի առաջ: Իսկ հանրությունն այդ մասին տեղեկացավ մեկ ամսի առաջ, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե նախորդ իշխանությունների հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր են ոչնչացվել։

Հարցին, թե արդյոք դրանք վերաբերում էին մարտի մեկի իրադարձություններին, ԱԱԾ տնօրենն արձագանքեց․ - «Ես այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել»:

Օրվա գլխավոր թեմային՝ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների գործով առաջին կասկածյալի ձերբակալությանն էլ անդրադարձ եղավ: Մարտի 1-ի դրությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը նախօրեին ձերբակալվել է՝ Մարտի 1-ի տասը զոհերից Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով:

Լրագրողների հարցին, թե սպանության կասկածանքով առաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ, Վանեցյանը պատասխանեց․ - «Քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, Հատուկ քննչական ծառայությունը երեկ տարածել է համապատասխան հաղորդագրություն, որից առավել բան ես ասել չեմ կարող: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ Հատուկ քննչական ծառայությունը, նաև Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, իրականացնում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործը ամբողջությամբ»:

Այսօր Ազգային ժողովում էր նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը պատգամավորներին ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Ի պատասխան հարցին, թե ինչ է հաջողվել փոխել ոստիկանությունում իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում, Օսիպյանն ասաց․ - «Վերացրել ենք կոռուպցիան: Չկա, ոստիկանությունում գոյություն չունի: Իմ պաշտոնավարման ընթացքում ես հայտնաբերել եմ համակարգում չարաշահումներ, և մի շարք քրեական գործեր են հարուցվել»:

Ձերբակալված անձինք, այդուհանդերձ, չկան: «Այս պահին ոչ, հետո կերևա», - ասաց Վալերի Օսիպյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG