Մատչելիության հղումներ

Անթույլատրելի եմ համարում միասնականությունը խարխլելուն ուղղված ցանկացած քայլ․ Բակո Սահակյան


Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը, ըստ էության, հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին:

Փաշինյանը նման հայտարարություն էր արել այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

«Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին», - ասել է Բակո Սահակյանը՝ պատասխանելով «Արցախ պրեսի» հարցին: - «Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ», - նաև ասել է նա:

Արցախի նախագահն արձագանքել է նաև Փաշինյանի մեղադրանքներին այն մասին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ:

«Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք», - հայտարարել է Բակո Սահակյանը՝ շարունակելով․ ֊ «Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG