Մատչելիության հղումներ

Իեն Գիլանն ու Թոնի Այոմին կրկին Երևանում են


Թոնի Այոմի (Ձ) և Իեն Գիլան
Թոնի Այոմի (Ձ) և Իեն Գիլան

Այսօր վաղ առավոտյան Հայաստան ժամանեցին ռոքի համաշխարհային լեգենդներ Իեն Գիլանը (Deep Purple) և Թոնի Այոմին (Black Sabath): Երեկոյան նրանք Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգան համերգով՝ նվիրված Rock Aid Armenia (Ռոքն օգնում է Հայաստանին) ծրագրի հիմնադրման 30-ամյա հոբելյանին:

Ճիշտ 30 տարի առաջ ավստրալական Do something ընկերության համահիմնադիր Ջոն Դին համախմբեց աշխարհահռչակ երաժիշտներին՝ իրենց աջակցությունը ցույց տալու Սպիտակի երկրաշարժից տուժած բնակիչներին: Նրան արձագանքեցին ռոքի լեգենդար աստղերը, ովքեր իրենց գործընկերների հետ հատուկ այդ նպատակով երգեր գրեցին, բարեգործական համերգներ կազմակերպեցին, ձայնասկավառակներ թողարկեցին և ողջ հասույթը փոխանցեցին աղետի գոտու կարիքյալ բնակիչներին:

2008 թվականին լեգենդար երաժիշտները «Մեդիամաքս» և Do Something ընկերությունների կազմակերպած բարեգործական համերգներով մեծ աջակցություն ցույց տվեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին՝ նոր երաժշտական գործիքներ նվիրելով դպրոցին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերհիշում էր Իեն Գիլանը, առաջին անգամ տասնամյակներ առաջ Գյումրիիում տեսավ, թե ինչպես է դպրոցի ներսում ձյուն գալիս, և թե ինչպես են ուսուցիչները փորձում կոտրատված գործիքներով այդ ցուրտ դպրոցում երեխաներին նվագել սովորեցնել:

Վերհիշում էր, թե ինչպես է 1990-ին այստեղ իր համերգից արտասվելով դուրս եկել, երբ տեսել է երկրաշարժի հետևանքով իր ընտանիքի 28 անդամներին կորցրած և ծեր կնոջը:

«Ես մի մարդու հետ խոսեցի հենց Սպիտակում, որը ասեց, որ երաժշտությունը լռել է՝ ո՛չ ռադիոյով կա երաժշտություն, եկեղեցում երաժշտություն չկա, նույնիսկ թռչունները չէին ճռվողում», - ասաց Գիլանը:

Իեն Գիլանն ու իր ընկերները համոզված են եղել, որ բնական այդ սոսկալի աղետի հետևանքներից հետո երաժշտությունը թերևս կարող է Հայաստանում վերածննդի խորհրդանիշ դառնալ, և ձեռնամուխ են եղել ամեն գնով աջակցել աղետի գոտու բնակիչներին՝ ոչ միայն իրենց համերգներով, այլև անձամբ այցելելով Սպիտակ, Գյումրի և այլ բնակավայրեր:

Ջոն Դին այսյօր ասում էր, որ մյուս ամիս նոր կայք են բացելու, որտեղ բացառապես հայկական երաժշտություն է լինելու, նաև նոր ալբոմ են թողարկելու, որտեղ հնչելու է Ջիվան Գասպարյանի երաժշտությունը: «Մաշտոց» խորագրով հայ հոգևոր երաժշտության ալբոմ են թողարկելու, որտեղ Վահան Արծրունին և Հասմիկ Բաղդասարյանը կներկայացնեն մեր հոգևոր երաժշտության լավագույն նմուշները: Կոչ է անելու աշխարհի բոլոր հայերին ձեռք բերել այս ձայնասկավառակները քանի որ դրանց հասույթը նույնպես ուղղորդվելու է Գյուրիի երաժշտական դպրոցին:

Թոնի Այոմի արդեն 10 տարի մասնակցում է Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման այս ծրագրին և հավաստիացնում էր, որ մեծ նվիրվածությամբ են օգնում աղետի գոտու երեխաներին և իրենց համար մեծ պատիվ է այդ անելը․ - «Եվ շարունակելու ենք սա անել: Ջոն Դին շատ խոնարհ իրեն դրսևորեց, բայց ասեմ, որ անփոխարինելի էր իր մասնակցությունը Who Cares ծրագրին: Առանց նրա մենք դա չէինք կարողանա գլուխ բերել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG