ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը իրավիճակն անվանեց ինքնաբուխ ակցիա և բացատրեց դրա առիթը․ - «Առաջին հերթին կոչ է ուղղված իշխանություններին օր առաջ վերջ տալ այս վիճակին»:
«Քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տանք, որ շատ-շատ մարդիկ կան, որ ասում են՝ չի կարելի այլևս այսպես հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, թշնամական խոսքը, ատելության խոսքը, որ այսօր տարածված է համացանցում», - ասաց ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը:
Նա ասում է, որ իրենք դատապարտում են Վարդան Հարությունյանի իրականացրած քայելերն ու նույն ակնկալում են իշխանություններից։ Ըստ քաղաքական ուժի, Հարությունյանը Ֆեյսբուքում ազգային արժեքների դեմ ուղղված գրառումներ է արել։
«Տեղ չունի մեր ազգային մշակույթի, մեր ազգային ավանդույթների, ազգային արժեքների վրա հարձակումները: Տեղ չունի այդ վայրենի ձևի ձևակերպումները Արցախի նկատմամբ», - նշեց Մանուկյանը:
«Բանաձև կա, չէ՞․ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, ովքեր ազգային արժեքների համար 20-30 տարի երկիրը թալանել են: Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք», - այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ խոսքը Դաշնակցության մասին է։ - «Երեկվա ակցիայի հետո պետք ա իրավապահ մարմիններին պարզեն էդ ակցիան ինչ-որ էրկու հոգի որոշել են մարդ ծեծեն՝ ծեծել են, թե՞ էղել ա հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է: Եթե կազմակերպված ակցիա ա, դրա իրավական գնահատականը պետք ա փոխվի: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պետք է բերվեն պատասխանատվություն»:
Արձագանքելով վարչապետի ասածին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչԻշխան Սաղաթելյանն ասաց․ - «Չեմ կարող նկատի ունենալ, որ դա վերաբերվում է Դաշնակցությանը, որովհետև 25-30 տարի առաջ Հայաստանում իշխանության էր Լևոն Տեր-Պետրոսյանը, և Դաշնակցությունը էդ ժամանակահատվածում սահմանում երկիրն էր պահպանում»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը վարչապետի խոսքը որակում է անհացե մեղադրանք և չի ցանկանում արաձագանքել դրան․ - «Այո, մենք ողջունում ենք վարչապետի այսօրվա հայտարարաությունը, որ մեր երկրում բռնությամբ քարոզ պետք է չիրականացվի: Բայց եթե անցած մեկ տարվա ընթացքում դրա դիմացն առած լինեին, այսօր էդ իրավիճակը չէր լինի»:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վարդան Հարությունյանի ծեծի ենթարկելու փաստով։ Միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը պարզվել է։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ դաշնակցակնների կազմակերպած ակցիայից մի քանի ժամ առաջ։ Դաշնակցությունից հաստատեցին, որ բերման ենթարկվածն իրենց քաղաքական ուժից է։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բռնության կոչի, քարոզի դրսևորումներ է նկատել դաշնակցականների երեկվա ակցիայի ընթացքում։
Սիմոնյանը ոստիկանապետին հորդորեց խստությամբ վերաբերվել բռնության քարոզին:
Ծեծից հետո ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի իրավապահներն ապահովեն իր անվտանգությունը։ Հարությունյանը վստահ է, որ դաշնակցականների երեկվա ակցիայի նպատակն այլ էր, քան ներկայացվում է․ - «Իրենց գործողությունը արվում ա զուտ մի բանի համար․ որովհետև էրեկ բերման է ենթարկվել մի քաղաքացի՝ կասկածանքով, որ հարձակվողներից մեկը ինքն ա էղել, և իրանք, հասկանալով, որ բացահայտվում են, որոշել են քաղաքական լղոզված ինչ-որ բան անել»:
Արդյո՞ք դաշնակացականների երեկվա ակցիայի ընթացքում բռնության կոչեր հնչել են կամ սուտ մատնության դեպքեր արձանագրվել են: Ոստիկանությունն այդ հանգամանքերը պարզում է Վարդան Հարությունյանի ծեծի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում։
Երեկ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅ Դաշնակցության կողմնակիցներին իրեն ծեծի ենթարկելու մեջ։ «Ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու՝ սեփական անվտանգությունս ապահովելու համար», - հայտարարել էր Հարությունյանը։
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. - «Մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»: