Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՀԾՔ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Երեկ երեկոյան ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն Գեղամ Պետրոսյանը կասկածվում է Մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:
Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի աշխատանքների շրջանակներում երկու անգամ զրուցել է Գեղամ Պետրոսյանի նշում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի բացատրությունները առաջին անգամ իրենց չէին բավարարել, հենց այդ պատճառով էլ նրա հետ ևս մեկ անգամ խոսելու անհրաժեշտություն էին տեսել: - «Ես միշտ ասել եմ, որ ամեն ինչ իր հերթով գալու, որովհետև սպանությունների զգալի մասը անհնար է չբացահայտել այսօր: Նախկինում դա չէր բացահայտվում միայն մեկ պատճառով, որ իշխանությունները քաղաքական պատվեր էին իջեցրել՝ ամեն ինչ անել գործը կոծկելու համար», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Ձերբակալության փաստին այսօր Ազգային ժողովում անդրադարձել է նաև վարչապետը, նշելով, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 10 տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ մեղավորները չբացահայտվեն և գործը կոծկեն:
«Այդ լուրը իմանալուց հետո նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008 թվականի մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ՝ ակնհայտ է», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հիշեց նաև փաստահավաք խմբի տեսագրությունները, որտեղ, ըստ վարչապետի, ակնհայտ երևում է, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե ճշմարտություն են պատմում, այլ փորձում են թաքցնել այն: Հարցաքննությունները վարել էին փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և խմբի անդամ Սեդա Սաֆարյանը: Այդ ձայնագրությունները հետագայում տեղ էին գտել Հայաստանի կորսված գարունը վավերագրական ֆիլմում:
2008 թվականի մարտի 3֊ին ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանն էր հանդես եկել քաղաքացիներին ուղղված հայտարարությամբ և ասել, որ Ոստիկանության զորքերի ամբողջ անձնակազմը լի է վճռականությամբ՝ տալ կոշտ պատասխան յուրաքանչյուր անօրեն քայլի:
Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Գեղամ Պետրոսյանը ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա: