Մատչելիության հղումներ

Վանաձորում բնակիչները բողոքում են ընդդեմ իրենց շենքի հարևանությամբ լցակայան կառուցող ընկերության


Վանաձորի նախկին քաղաքապետի եղբորը պատկանող ընկերության դեմ արդեն մեկ տարի բողոք-դիմումներ են ներկայացնում Տիգրան Մեծի 12 շենքի բնակիչները։

Նրանք համարում են, որ շենքի դիմաց կառուցվող հեղուկ վառելիքի լիցքավորման կայանը վտանգավոր է հատկապես երեխաների համար։

«Գազը, որ թորում են գետնի տակ, կառուցել բնակելի շենքի կողքը, դա լրիվ արհամարհանք ա, ուղղակի արհամարհանք ա մարդկության հանդեպ», - ասում է բնակիչներից մեկը:

Նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր ընտանիքին պատկանող «Դարմ-Ռիմ» ընկերությունը մարզային ու քաղաքային իշխանություններին, անգամ Տարածքային կառավարման նախարարին ներկայացրել է մեկ տարի առաջ ստացած թույլտվության բոլոր հիմքերը։ Նախագիծն անցել է բարդ փորձաքննություն բոլոր պատասխանատու կառույցների կողմից և 2018 թվականի ապրիլի 16-ին ստացել դրական եզրակացություն։ Մեկ ամիս անց տրամադրվել է նաև շինարարության թույլտվություն։

Նախարարությունում ուսումնասիրել ու հետևյալ պատասխանն են ուղարկել բնակիչներին․ հեղուկ վառելիքի լիցքավորման կայանների բաշխիչ կետերից հեռավորությունը մինչև հասարակական վայրեր կամ բնակելի շենքեր պետք է լինի առնվազն 25 մետր, իսկ տվյալ լիցքավորման կայանը շենքից 34 մետր հեռու է։

Պատասխանը բնակիչներին չի բավարարում։ Նրանք կասկածի տակ են առնում համապատասխան մարմինների կողմից մինչև հեղափոխությունը տրված թույլտվության օրինականությունն ու շեշտում, որ լիցքավորման կայանի կողմից սպասարկվող մինչև 500 մեքենաներն իրենց բակով են ելումուտ անելու։

Սեփականատերն արդեն դեպի բակ տանող ավտոճանապարհ է բացել։

«Եթե էդ նույն պաշտոնյայի հայաթում կառուցեին նույնանման մի կառույց, ինքը թույլ կտա՞ր, որ իրա էրեխեքը, իրա թոռները էդ տարածքով ման գան, խաղան», - հարց բարձրացրեց շենքի բնակիչներից մեկը:

Կառուցապատվող տարածքի մի կողմում բողոքող բնակիչների շենքն է, մյուս կողմում՝ նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրը։ Եթե բնակելի շենքից պահանջվող հեռավորությունը, ըստ փաստաթղթերի, պահպանված է՝ ապագա գազալցակայանը ռեստորանին կից կլինի՝ ռեստորանի պատի մյուս կողմում։

Շենքի բնակիչը պատմեց․ - «Կարկառուն դեմքերը էկան մեր ճարտարապետական բաժնից, էս հարցը տվեցի, ասեցի՝ չէ՞ որ եթե նույնիսկ մերից համապատասխանում ա նորմաներին, էն մյուս շենքից չի համապատասխանում: Ասեցին՝ նրանք չեն բողոքում: Ուրեմը նորմաները բողոքելու վրա՞ ա, թե՞ չափելու վրա ա»:

Բողոքի առարկա դարձած տարածքում այժմ շինարարություն է ընթանում։ Շինարարներից մեկը մեզ դուրս հրավիրեց՝ նշելով, թե սեփական տարածք մտնելու իրավունք չունենք։

Շինարարը ներկայացավ որպես ընկերության աշխատակից՝ առանց անունը նշելու։ Առաջարկեց չափել իրենց կառույցի և բնակելի շենքի հեռավորությունը։ Ըստ նրա, 35 մետր էր, բայց 16 քայլից տեղ հասավ։

Բնակիչները, մինչդեռ, մտադիր չեն լսել շինարարի հորդորները։ Ասում են, որ պայքարելու են մինչև շինարարության կասեցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG