Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դատական հայց ներկայացնի ընդդեմ Փաստերի ստուգման հարթակի


Փաստերի ստուգման հարթակում (fip.am) Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ունեցվածքի հայտարարագրի վերաբերյալ օրերս հրապարակված հետաքննությունը շարունակում է թեժ քննարկումնների առանցքում մնալ։

Հետաքննության հեղինակ Հարություն Ծատրյանը պնդում է, թե Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայտարարագրի տվյալները կեղծ են․ - «Հետաքննության ընթացքում հետաքրքիր բացահայտում եղավ, որ Ալեն Սիմոնյանի հայտարարագրած գումարները և իր ձեռք բերած գույքը որոշակիորեն չեն համապատասխանում»։

Մասնավորապես, հետաքննության մեջ ասվում է, որ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է նախքան պաշտոնը ստանձնելը ձեռք բերված, 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մարդատար ավտոմեքենա: Մինչդեռ Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան Սիմոնյանը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։

Հարություն Ծատրյան, հետաքննող լրագրող - «Կարող ենք միտում տեսնել, որ ավելի մեծ գույքը ինքը ներկայացնում է, ինչպես նախկինում սովոր էինք տեսնել: Հայտարարագրում ներկայացնում է, որպեսզի հետագայում խուսափեն պատասխանատվությունից։ Ասեն՝ տեսեք, էդ ժամանակ պաշտոնը ստանձնելիս ունեցել եմ, բայց փաստացի, պաշտոնը ստանձնելու ժամանակ պարոն Սիմոնյանի մեքենան կրկնակի էժան էր։ Ներկայում 25 հազար դոլար է, նախկինում եղել 11 հազար 500»:

Ալեն Սիմոնյանը fip.am-ի հետաքննությանն անդրադարձել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ այն անվանելով անհիմն։

Ի դեպ, Սիմոնյանը նշել է, թե ինչու է հայտարարագրում ներակայացրել RANGE ROVER մակնիշի մեքենան այն դեպքում, երբ մեքնայի սեփականատեր է դարձել պաշտոնը ստանձնելուց հետո, ոչ թե առաջ․ - «Ազնիվ եմ գտնվել և գրանցել եմ այն մեքնենան, որը փաստացի ինձ մոտ է եղել, որի բեհը ես վճարած եմ եղել, որի տվյալները ես իմացել եմ: Որպեսզի մեկ ամբողջական տարի չպտտվեմ մի մեքենայով, որի մասին իմ հայտարարագրում որևիցե բան չկա»:

Սիմոնյանն նաև հերքում է այն տեղեկությունը, թե մեքենան նվեր է ստացել: Սիմոնյանի ներկայացմամբ՝ մեքենան վարկով է գնել․ - «Ես գնել եմ իմ մեքենան վարկային գիծ բացելով և իմ նախորդ մեքենայից ձևավորված գումարով: Ընդամենը պետք էր ինձ զանգահարել և հարցնել՝ արդյո՞ք կարող եմ ես ինչ-որ ձևով դա բացատրել: Ես շատ հանգիստ սա կբացատրեի և կցուցադրեի, և Դուք չէիք հայտնվի ծիծաղելի իրավիճակում»:

«Պաշտոնը ստանձնելու դրությամբ ինքը ունեցել է 16 200 ԱՄՆ դոլար։ Պատկերացնենք անգամ ինքը շփոթել է անգամ և այդ գումարը հայտարարագրելու օրով է, այլ ոչ թե պաշտոնը ստանձնելու օրով: Այսինքն՝ տվյալը սխալ է: Գուցե դիտմամբ չի արել: Բայց ինքն այդ գումարն ունի, հետևաբար այդ գումարն ունենալով վարկային միջոց ներգարվել և ասել, որ ես չեմ ունեցել այդ միջոցը, նոր կասկածի տեղի է տալիս», - նշում է Ծատրյանը:

Հենց այդ հանգամանքն է հետաքննող լրագրողին հիմք տալիս ենթադրելու, որ Ալեն Սիմոնյանը հայտարարագրերում կեղծ տվյալներ է ներկայացրել իր ունեցած վարկի մասին, կամ էլ RANGE ROVER-ը հարստացմամբ է գնվել:

Ըստ հետաքննության, Սիմոնյանի դեպքում, եթե առկա է ապօրինի հարստացում, ապա խոսքը մոտ 7 մլն դրամի մասին է։ Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, հերքում է պահանջում Fit.am-ից՝ Փաստերի ստուգման հարթակից:

ԱԺ փոխնախագահը հիմա մտածում է դատարան դիմելու մասին․ - «Անկեղծ ասած՝ մտածում եմ այդ ուղղությամբ: Բայց ես երևի թե կսպասեմ բոլոր այն մարմիններին, որոնք իրենք կդիմեն և կստանան պատասխանները, և այդ պարագայում որոշում կկայացնեմ»:

Փաստերի ստուգման հարթակում այս պահին մտադիր չեն դիմել իրավապահներին, սակայն ասում են, որ իրենց հետաքննությունը իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG