Մատչելիության հղումներ

Մնացականյանի Կիպրոս այցի նպատակն է «հիմք դնել նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցությանը»


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

«Իմ այցի նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է և բավական ներուժ ունի», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը ներկայացրել է այսօր կայանալիք եռակողմ ձևաչափով առաջին հանդիպման օրակարգը և այդ ձևաչափով համագործակցության հեռանկարները: «Մենք շատ խոստումնալից օրակարգ ունենք նորարությունների, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում, որտեղ առաջարկում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները: Եվ հուսով եմ, որ այս պահից սկսած կարող ենք ընդլայնել ոլորտային համագործակցությունը», - ասել է Մնացականյանը:

«Կիպրոսի հետ հարաբերությունների հիմքում շատ ավելի խորքային իմաստ կա. սա քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների բարեկամություն է, որոնք շատ լավ հիշողություն, պատմության շատ խորը զգացում ունեն, և այդ քաղաքակրթական հիմքերի վրա է կառուցված բարեկամությունը», - նշել է նախարարը՝ այդ հարաբերություններում առանձնահատուկ ընդգծելով Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը: «Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, որոնք տարին մեկ անգամ հավաքվում են սուրճ խմելու, այլ սա ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին է: Հարցն այն չէ, թե որքան է կազմում Կիպրոսի հայ համայնքի թվաքանակը, հարցն այն է, որ դուք ներկայացված եք ինստիտուցիոնալ կառուցվածքային խորը հիմքերով, որոնք ուղղված են պահպանելու այն, ինչ մեզ համար շատ կարևոր է՝ մեր ազգային ինքնությունը», - շեշտել է նա:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

«Ապրիլ-մայիս ամիսների թավշյա հեղափոխությունից ի վեր չափազանց էական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի կյանքում: Մենք անդրադարձանք մեր կուտակված ներքին խնդիրներին, մենք ի ցույց դրեցինք պետության, պետական-հասարակական ինստիտուտների կարողությունը, ուժը: Հասարակության ընդվզումը, որը բերեց թավշյա խաղաղ, ոչ բռնի հեղափոխության, չքայքայեց պետության հիմքերը, այլ միայն նպաստեց դրանց ամրապնդմանը: Մենք 27 տարի շարունակ կառուցել ենք երկիր, որը ես կկոչեմ եվրոպական մոդելի երկիր: 1991 թվականից ի վեր մենք ընտրեցինք պետության կառուցման այդ ուղղությունը, որի հիմքում դրված են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը»,- նշել է ԱԳ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG