Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են կազմակերպելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ:
Լոնդոնի մի շարք կենտրոնական թաղամասերում արդեն տեղադրել են պաստառներ «Դիմադրե'լ Թրամփին», «Մերժե'լ ռասիզմը», «Մերժե'լ սեքսիզմը», «Մերժե'լ դաժանությունը», «Մերժե'լ ատելությունը» կարգախոսներով: Այդօրինակ մի հսկայական պաստառ կախված է մայրաքաղաքի Ուոքսհոլի կամրջից:
Ակցիաների կազմակերպիչներն ասել են, որ բողոքի կարգախոսն է «Միասին ընդդեմ Թրամփի»:
Ակտիվիստներին զայրացրել է Թրամփին պետական պատիվներով և բանկետով Բուքինգհեմյան պալատում ընդունելու փաստը:
Բացի այդ, մեծ թվով բրիտանացիների վրդովեցրել է այն, որ Թրամփը, ինչպես բողոքի կազմակերպիչներն են ասում, «միջամտել է Թագավորության ներքին գործերին»:
Դոնալդ Թրամփը դեռ Լոնդոն ժամանելուց առաջ Թվիթերում գրել է, որ «Բրիտանիան հանգիստ կարող է առանց պայմանագրի դուրս գալ Եվրոպական միության կազմից»:
Բացի այդ, նա գրել է, որ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը «Մեյին վարչապետի պաշտոնում փոխարինելու հրաշալի թեկնածու է»:
Այսօրվա բողոքի ակցիան Լոնդոնում սկսվելու է մայրաքաղաքի խորհրդանիշը համարվող Թրաֆալգարի հրապարակից: Ակցիայի կազմակերպիչներն ասել են, որ այդ ցույցը կլինի հիմնական միջոցառումը, սակայն բողոքի երթեր են կազմակերպվելու նաև բրիտանական այլ քաղաքներում:
«Հունիսի 4-ին հազարավոր մարդիկ երթով են անցնելու, մենք կաթվածահար կանենք Լոնդոնի կենտրոնը: Երբ նա հեռանա Բրիտանիայից, նա արդեն հաստատ կիմանա, որ մարդիկ մերժում են իր թունոտ քաղաքականությունը», - ABC News հեռուստակայանին փոխանցել են ակցիաների կազմակերպիչները:
Թրամփն անցյալ տարվա հուլիսին այցելել է Լոնդոն, և այն ժամանակ քաղաքում խոշոր ցույցեր են եղել:
Շատերը նաև քննադատում են վարչապետ Թերեզա Մեյին Թրամփին հրավիրելու համար:
Ընդդիմադիր լեյբորիստներն ասել են, որ ամեն ինչ կանեն խորհրդարանում ԱՄՆ նախագահի ելույթը թույլ չտալու համար:
«Թրամփի առաջ կարմիր գորգ են փռում, դա «թշվառի կեցվածք» է, քանի որ նրան թույլ են տալիս հարձակումների ենթարկել բրիտանական և ամերիկյան իրական արժեքները», - հայտարարել են լեյբորիստները: