Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ժամանել է Լոնդոն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիային Բուքինգհեմյան պալատում ընդունել է թագուհի Եղիսաբետ երկրորդը, Լոնդոն, 3 հունիսի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիային Բուքինգհեմյան պալատում ընդունել է թագուհի Եղիսաբետ երկրորդը, Լոնդոն, 3 հունիսի, 2019թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:

Նախագահին և առաջին տիկին Մելանիային Բուքինգհեմյան պալատում ընդունել է թագուհի Էղիսաբեթ Երկրորդը: Հյուրերի պատվին պետական ճաշ է տրվել:

Թրամփի այցը տեղի է ունենում Բրիտանիայի համար բավական դժվար ժամանակաշրջանում, քանի որ ձգձգվում է Եվրոպական միության կազմից թագավորության դուրս գալու գործընթացը, և այդ բարդ իրավիճակից բխող վարչապետ Թրեզա Մեյի հունիսի 7-ին նախատեսված հրաժարականը:

Թրամփն այցի նախօրեին հանդես է եկել «Բրեքզիթի» մասին մեկնաբանություններով, որոնք վրդովմունք են առաջացրել մեծ թվով բրիտանացիների շրջանում:

Նա ասել է, թե հարկ եղած դեպքում Բրիտանիան պետք է առանց համաձայնագրի դուրս գա Եվրամիությունից և հավելել, որ, իր համոզմամբ, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը «կարող է լինել վարչապետի պաշտոնում Մեփին փոխարինող փայլուն թեկնածու»:

Բացի այդ, Թրամփը կշտամբել է Լոնդոնի քաղաքապետին՝ Թվիթերում գրելով, թե «իր լիազորությունները շատ վատ կատարող Սադիկ Խանը ձախորդ է, ով հիմար չարամտությամբ է արտահայտվում Բրիտանիայի ամենահավատարիմ դաշնակից երկրի՝ ԱՄՆ ղեկավարի պետական այցի մասին»:

«Նա պետք է ավելի շատ կենտրոնանա ոչ թե իմ անձի, այլ Լոնդոնում հանցավորության մակարդակի վրա», - գրել է Դոնալդ Թրամփը:

Նախագահը նաև հեգնանքով հավելել է, թե Սադիկ Խանը «նման է իրեն քննադատող ևս մեկ քաղաքապետի՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլասիոյին, միայն հասակով է ավելի ցածր»:

Սադիկ Խանն «Օբզերվեր» պարբերականի կիրակնօրյա համարում հրապարակած հոդվածում Դոնալդ Թրամփին համեմատել է «եվրոպացի ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչների հետ, որոնց հռետորաբանությունը մեծ տարածում ուներ 20-րդ դարի առաջին կեսի ֆաշիստների շրջանում»:

Թրամփի պատվին տրվելիք բանկետին զուգահեռ նրա այցի դեմ բողոքող հարյուրավոր ակտիվիստներ ծրագրում են անցկացնել «համաժողորդական բանկետ» Բուքինգհեմյան պալատի մոտ գտնվող Խորհրդարանի հրապարակում:

Հունիսի 5-ին Թրամփը, վարչապետ Մեյը և մի շարք ղեկավարներ այլ երկրներից Պորթսմութում կմասնակցեն նացիստների կողմից գրավված Ֆրանսիա դեսանտ ուղարկելու հսկայական գործողության 75-ամյակին:

1944 թվականի հունիսի 6-ին դաշնակից զորքերի տասնյակ հազարավոր զոհերի գնով իրականացրած այդ աննախադեպ ափհանումը փոխել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքը և արագացրել է ֆաշիստական Գերմանիայի պարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG