Մատչելիության հղումներ

Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող սրճարանը


Էջմիածնի կենտրոնում՝ ուղիղ քաղաքապետարանի դիմաց գտնվող 776 քառակուսի մետր մակերեսով բացօթյա սրճարանի համար վարձակալը 16 տարի շարունակ տարեկան ընդամենը 23 հազար 280 դրամ է վճարել:

Ըստ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, սրճարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 6 հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի մերձավորներին է պատկանում։

Դիանա Գասպարյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում կոչ արեց քաղաքացիներին բոյկոտել և չօգտվել այդ սրճարանից․ - «Բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։

Տարածքը վարձակալության է տրվել 25 տարով՝ 2003-ից մինչև 2028 թվականը։ «Ազատության» հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ քայլեր են ձեռնարկում կնքված պայմանագիրը լուծարելու համար։ Նախ 23 հազար 280 դրամի փոխարեն առաջարկվել է վարձավճարի նոր չափ՝ 7 մլն դրամ։

«Վաղաժամ լուծելու հնարավորություն պայմանագիրը չի թույլատրում, բայց դրանով նախատեսված է, որ եթե հողի կադաստրային արժեքը փոխվում է վարձակալության ընթացքում, վարձատուն ծանուցում է վարձակալին նոր վարձավճարի չափի հետ կապված: Քանի որ Էջմիածնում հողի կադաստրային արժեքը այս պահին մոտ 7 հազար դրամ է, մենք ծանուցել ենք արդեն սեփականատիրոջը, որ նախատեսում ենք կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով վարձավճար սահմանել այդ տարածքի համար, որը կլինի տարեկան 7 միլիոն դրամ: Ամենակենտրոնական և բանուկ հատվածում է գտնվում: Բացի այդ, ես կարծում եմ, որ վիրավորանք է էջմիածնեցու հանդեպ այդ գրոշներով 25 տարով վարձակելել քաղաքի սրտում այդպիսի տարածք», - ասաց Գասպարյանը:

Եթե վարձակալը առաջարկվող գումարի չափին համաձայն չլինի, ապա միայն այդ դեպքում պայմանագիրը կարող է խզվել։

Փաստաթղթերով վարձակալի անունը Արթուր Խաչատրյան է։ Մինչդեռ Էջմիածնի քաղաքապետը պնդում է. - «Պարզապես դրածո մարդ է, որը ինքնուրույն որևէ բան էդտեղ չի որոշում։ Դա ամբողջ Էջմիածինը գիտի, փոքր քաղաք է, բոլորը ամեն ինչի մասին գիտեն: Դա հայտնի է, որ Մանվել Գրիգորյանի տարածքն է, և մշտապես նա սովորություն ուներ այդտեղ նստելու»:

Հակադարձելով քննադատությանը, թե քաղաքապետը չպետք է նման կոչով հանդես գար՝ Գասպարյանը պնդեց, որ իրավաչափ է որակում այն, ինչ ասել է. - «Այն մթնոլորտը, որ տիրում է Էջմիածնում, և այն տրամադրությունները, վերաբերմունքը, որ կա տվյալ անձի նկատմամբ, հասարակական կարծիքը և տրամադրությունները թույլ են տալիս ճիշտ որակել մարդկանց վերաբերմունքը: Նախ նկատեմ, որ առանց անգամ իմ հրապարակային կոչի, բացի իրենք մերձավոր շրջապատից, որևէ այլ մարդ այնտեղ դժվար թե հաճախի: Բայց ամեն դեպքում ես ճիշտ եմ համարում, որ մեր քաղաքացիներին հորդորեցի բոյկոտել այդ սրճարանը: Որովհետև այս քայլը, որով փորձ է արվում սրճարանը վերակենդանացնել, հերթական անգամ ապտակի է նման էջմիածնեցուն, այդ պատճառով ես իմ քաղաքացիների մեծամասնության կարծիքն ու տրամադրությունն եմ հայտարարել՝ կոչ անելով բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը»:

Այսօր մեր այցելության ժամանակ սրճարանը փակ էր: Աշխատակիցներից մեկն ասաց, որ այս տարի սրճարանը դեռ չի էլ բացվել և չգիտեն կբացվի՞, թե՞ ոչ։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG