Մատչելիության հղումներ

Որևէ մեկը խմբակցությունում անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի. Գագիկ Ծառուկյան


Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր նիստ է հրավիրել՝ զգուշացնելով խմբակցության բոլոր պատգամավորներին՝ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։

Ծառուկյանի այս զգուշացումը հետևել է խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս արած այն հայտարարությանը, թե սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։

«Ես կողմնակից եմ ազատություն Ռոբերտ Քոչարյանին, իսկ ինչ մնում է դատաիրավական ոլորտին և բոլոր ոլորտներին, անպայման թող իրականացնեն բոլոր ստուգումները», - ասել էր Ղուկասյանը։

Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց՝ խմբակցությունում պետք է հարցերը քննարկվեն, ընդհանուր որոշում լինի և նոր հայտարարություն արվի։

«Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի։ Խմբակցություն է, խմբակցությունում պետք է քննարկվի և ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպիսի հայտարարություն արվի», - ասաց Ծառուկյանը։

«ԲՀԿ-ն ուզում է վստահ լինել, որ իրավական գործընթացների վրա որևէ քաղաքական պրեսինգ չկա»

Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Այն, որ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությունը չի արտահայտում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն, այսօր «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինիս փոխանցմամբ, նոր Հայաստանում քաղաքականությունը չպետք է խառնել իրավական գործընթացների հետ։

«Դա պարոն Ղուկասյանի անձնական տեսակետն է և, բնականաբար, ես հիմա և՛ս վերահաստատում եմ, որ սա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը չէ։ Ինչո՞ւ է պարոն Ղուկասյանը նման տեսակետ հայտնել, ես կարծում եմ, որ դուք բոլոր հնարավորություններն ունեք այդ հարցով դիմել Վարդան Ղուկասյանին», - ասաց Զոհրաբյանը։

Ի պատասխան «Ազատության» հարցի, ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց՝ դա բացարձակապես իրավական գործընթաց է, և ԲՀԿ-ն ուզում է վստահ լինել, որ իրավական գործընթացների վրա որևէ քաղաքական պրեսինգ չկա և չի լինելու։

«Բարգավաճ Հայաստան»-ի տեսակետն այն է, որ քաղաքական պրոցեսներն այսուհետ նոր Հայաստանում չպիտի միախառնվեն իրավական գործընթացներին, դա բացարձակապես իրավական գործընթաց է։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ իրավական գործընթացների վրա որևէ քաղաքական պրեսինգ չկա և չի լինելու։ Մենք ուղղակիորեն նպատակահարմար չենք գտնում հնչեցնել քաղաքական գնահատականներ իրավական գործընթացների վերաբերյալ», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Ես անձնապես Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը չեմ հետևում, անկեղծ ասած։ Նորից եմ կրկնում՝ մենք կարծում ենք, որ գործընթացները պետք է գնան բացառապես իրավական տիրույթում, և որևէ քաղաքական գնահատականներ չպետք է հնչեն, առավել ևս՝ անձնական գնահատականներ, որոնք չեն ներկայացնում խմբակցության տեսակետն, անհատ պատգամավորների կողմից չպետք է հնչեն»։

Նշենք, որ Զոհրաբյանի փոխանցմամբ, Վարդան Ղուկասյանն այսօրվա նիստին ներկա չէր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG