Մատչելիության հղումներ

Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը․ ՀՀ ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ կտրականապես դատապարտելով իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ - «Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը»​։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը նշել է՝ Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:

«Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը և դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորին ու անկեղծ ցավակցությունն է հայտնում Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին և հարազատներին», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Մոսկովյան եռակողմ բանակցությունների ավարտին հետևեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են, որ մտադիր են շարունակել դիվանագիտական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Արձանագրված է, որ հակամարտող կողմերը շահագրգրված են շփման գծում իրավիճակի կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։

Սակայն երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ միայն մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ` արձակելով շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:

«Արդյունքում հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության նախարարությունը, միաժամանակ հայտարարել է՝ «հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG