Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը նիստերը դռնփակ կանցկացնի․ Լիլիթ Մակունց


Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի «Իմ քայլից» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովի նախագահը՝ պարոն Քոչարյանը, նախատեսում է առաջին նիստը անցկացնել հունիսի 4-ին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: - «Հանձնաժողովի աշխատանքները անցկացվելու են հիմնականում փակ: Հանձնաժողովը որոշում կկայացնի, թե որ չափով է հրապարակելու նյութերը»:

Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ գործադիրի ղեկավարը նշել էր՝ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Մինչև վարչապետ դառնալն էլ Փաշինյանը հայտարարում էր՝ քառօրյա պատերազմը պատշաճ քննելու կարիք կա:

Բացի պատգամավորներից՝ հանձնաժողովում կընդգրկվեն նաև փորձագետներ: Հանձնաժողովի անդամներն առայժմ չեն մանրամասնում՝ ովքեր են նրանք:

Քննիչ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանի կարծիքով այդ հարցերը կհստակեցվեն առաջին նիստում: Կգործի նաև առանձին աշխատանքային խումբ, որը կզբաղվի տեխնիկական հարցերով: - «Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարվի և՛ պատճառների մասին, և՛ հետևանքների մասին», - նշեց Վարդանյանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ հանձնաժողովը կպատասխանի քառօրյայի հետ կապված հանրությանը հուզող հարցերին․ - «Մարդկանց կասկածանքները պետք է փարատվի էդ հանձնաժողովի միջոցով: Քառօրյա պատերազմի էդ ասեկոսեները, տեսակետները պիտի էն ձևի էդ հանձնաժողովն աշխատի, որ նման բան դրանից հետո չլինի»:

Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում ցանկություն էին հայտնել ընդգրկվել հանձնաժողովում:

Ըստ նյութերի կհրավիրվեն նաև պաշտպանության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներ:

Ըստ օրենքի հանձնաժողովը կգործի վեց ամիս: Պատգամավորները վստահեցնում են՝ իրենց սկսած աշխատանքը կտեղափոխվի իրավական տիրույթ, եթե ուսումնասիրության արդյունքում քրեորեն պատժելի հանգամանքներ ի հայտ գան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG