Մատչելիության հղումներ

«Հանրագիտարանը պետության անձնագիր է»․ Հովհաննես Այվազյան


Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի խոսքով անկախացումից ի վեր Հայկական հանրագիտարանի խմբագրությունը ավելի քան երկու տասնյակ հանրագիտարաններ է հրատարակել՝ ներկայացնելով մեր հոգևոր ազգային մշակույթի ամենատարբեր ոլորտները:

«Հանրագիտարանի հրատարակչությունը վերջերս ավարտեց Հայ երաժշտության հանրագիտարան՝ բավական ծավալուն հատորը և այսօր իջեցվել է արտադրության», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Այվազյանը:

Բացի այդ, այս պահին էջկապի գործընթացում է «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանը՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

«Մեր անելիքը այսօր բավական բարդ է, բայց պիտի հպարտությամբ ասեմ, որ մենք կարողացանք հաղթահարել առաջին անձնանուն՝ անձին վերաբերող հանրագիտարանը», - այս առնչությամբ ասաց Հովհաննես Այվազյանը:

Հայկական հանրագիտարանի տնօրենը մատնանշում է՝ այժմ ամենամեծ խնդիրը նոր, ազգային, համապարփակ հանրագիտարան ստեղծելն է, քանի որ վերջին նմանատիպ հանրագիտարանը ստեղծվել ավելի քան 30 տարի առաջ՝ խոսքը Սովետական Հանրագիտարանի մասին է։

«Ես տարիներ շարունակ այդ մասին խոսում եմ, դիմում եմ ամենաբարձր ատյաններին՝ լավագույն դեպքում ասում են ֆինանս չունենք, սպասեք, իսկ սովորաբար լռության է առաջանում առաջարկությունը», - պատմեց Հովհաննես Այվազյանը: ֊ «Ես հիմա մտածում եմ, որ այս Թավշյա հեղափոխությունից հետո սա նույնպես պիտի առաջնահերթ խնդիր դարձնել: Գիտե՞ք՝ հանրագիտարանը մասնավոր գործ չէ, հանրագիտարանը այս կամ այն մարդու հույսին թողնել չի կարելի, հանրագիտարանը պետական գործ է, հանրագիտարանը պետության անձնագիր է: Այս իշխանությունների հետ՝ ես մի անգամ առիթ ունեցել եմ վարչապետի հետ խոսելու, ինքը առաջին զրույցի ժամանակ ինքը դրական արձագանքեց, ասաց՝ անպայման պիտի անդրադառնանք, բայց քանի որ հիմա մի քիչ խառը ժամանակներ են, մտածում եմ՝ մի քիչ հասարակության և պետական այրերի միտքը հանգստանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG