Մատչելիության հղումներ

Վերին Դվինի ասորիներն ասում են՝ «Հայաստանի նման ապրուստ ոչ մի տեղ չկա»


Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մոտ 2400 բնակիչներից 2000-ը ասորի են։ Ապրում են ասորական ավանդույթներով, իրենց երգ ու տաղով։

Հայերից աղջիկ հարս են տանում, իրենց աղջիկներին էլ հարս ուղարկում հայ ընտանիք։ Արդյունքում Վերին Դվինում ամրացել են հայ-ասորական բարեկամության հիմքերը։

«Մեր մեջ տխրություն չկա, ոչ էլ պիտի լինի: Ինչի՞ համար պիտի լինի, որ մենք ծնվել ենք իրար հետ, ապրել ենք իրար հետ», - ասում է տարեց գյուղացիներից մեկը:

Ասորիները Վերին Դվինում հիմնականում հողագործությամբ են զբաղվում։ Ասում են՝ գյուղում ամեն ինչ աճում է, աշխատող մարդն էլ սոված չի մնում։

«Ապրուստի մասին՝ ստեղ փառք Աստծո, Հայաստանի նման ապրուստ ոչ մի տեղ չկա», - ասում են նրանք:

Հայաստանաբնակ ասորիները Հայաստանն իրենց հայրենիքն են համարում։ Ասում են՝ շատ երկրներում ասորիներ կան, բայց այստեղ իրենց համար ամեն բան լավ է։

Թեև նրանցից շատերը հարազատներ ունեն այլ երկրներում, դվինցի ասորիները չեն ցանկանում լքել Հայաստանը։ Ասում են՝ այստեղ ազգային փոքրամասնություններին լավ են վերաբերվում։

25-ամյա Դիանան, ով ասորական երգերն արդեն միջազգային փառատոններում է ներկայացրել, նույնպես իր ապագան Հայաստանից դուրս չի տեսնում։ Կիսով չափ հայուհին իրեն ավելի շատ ասորի է համարում։ Որոշել է՝ ապագա ամուսինն էլ ասորի պետք է լինի: - «Գնում եմ ասորական եկեղեցի, աղոթում եմ ասորերեն լեզվով․․․ ես մտածում եմ ասորերեն», - ասում է նա:

Ասորական մշակույթը Վերին Դվինում սերնդեսերունդ է փոխանցվում։ Գյուղում շուրջ 30 տարի գործող պարի խմբում հայ երեխաներ ևս կան։

Ասորիներով ամենաշատը բնակեցված գյուղում գրեթե բոլորը գիտեն և՛ ասորերեն, և՛ հայերեն։ Այնտեղ ապրող փոքրաթիվ հայերը սովորել են համագյուղացիների լեզուն։

Վերին Դվինը, որպես ազգային փոքրամասնությունների գյուղ, առայժմ չի խոշորացվել, բայց որոշումը վերջնական չէ։ Գյուղապետ Լյուդմիլա Պետրովայի մոտ մտահոգություններ են առաջացել, թե խոշորացումը կհարվածի իրենց ինքնության պահպանմանը։

«Ինչ երաշխիքներ էլ որ լինեն, բնակչության ինքնագիտակցման մեջ, երբ որ մենք արդեն միանալու ենք և այստեղ չի լինելու որոշումներ կայացնելու, ինքնությունը պահպանելու այդ ինքնությունը, կարծում եմ, որ չի պահպանվելու նաև մշակույթը, լեզուն: Դա ասես հարված լինի մեր ազգային փոքրամասնության պահպանմանը», - ասում է Պետրովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG