Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: