«Նախկին պաշտոնյաները, որոնք խրված են եղել կոռուպցիայի մեջ, պետք է վերադարձնեն պետությանը հասցրած վնասը», - այսօր մամուլի ասուլիսում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որ ութ ամիս առաջ է ստանձնել պաշտոնն ու իր առաքելությունն է համարում կոռուպցիայի դեմ պայքարը։
«Իրենք չեն կարող, հեղափոխությունից հետո, եթե նախկինում 20-30 տարի զբաղված են եղել թալանով, հիմա փողոցներում շրջեն հպարտությամբ», - հայտարարեց մարզպետը: - «Իրենք, հակառակը, պետք է մեր փողոցներում շրջեն գլխիկոր: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հասարակությունը և բոլորս իմանանք, թե ով ով է եղել անցած տարիներին: Բոլոր թալանչիներին պետք է գնահատականը տանք ըստ արժանվույն»:
Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ թե՛ իրենց ուսումնասիրությունների արդյունքները և թե՛ քաղաքացիների դիմում-բողոքները, որոնք պարունակում են պաշտոնեական դիրքի չարաշահման կամ յուրացումների փաստեր, հասնում են իրավապահ մարմիններին. մարզպետը դրանք անձամբ է ուղարկում դատախազություն։ Անցած ամիսներին միայն քաղաքացիների բողոքների հիման վրա տասը քրեական գործ է հարուցվել։ Իրավապահների տեսադաշտում են հայտնվել երկու տասնյակ կրթական հիմնարկներ։ Օրինակ պարզել են, որ լաբորանտն աշխատավարձ է ստացել լաբորատորիա չունեցող դպրոցում։ Տասը աշակերտ ունեցող դպրոցը տարիներ շարունակ փոխտնօրեն է ունեցել։ Անիմաստ հաստիքների կրճատման արդյունքում շատ դպրոցներում բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, ասաց Լոռու մարզպետը։
«Նախկին իշխանությունների օրոք այս համակարգը թաղված է եղել տոտալ կոռուպցիայի մեջ, և մեր կրթության վարչությունը և մարզային իշխանությունը այդ կոռուպցիայի բաղկացուցիչ մասն են կազմել», - ասաց Ղուկասյանը:
Անցած ութ ամիսներին մարզում աղքատության նպաստների համար վճարվող գումարը նվազել է 25 տոկոսով։ Մարզպետի համոզմամբ կրճատվել են բացառապես ապօրինի նշանակված նպաստները։
«Օրինակ, Բովաձոր համայնքը ստուգելուց հետո 16 ընտանիքից 11-ի նպաստը կասեցվել է, այսինքն 11-ը ստացել են անօրինական նպաստ: Լեռնավան համայնքում 65-ից՝ 31-ը, Գոգարանում՝ 78-ից 18-ը, Սվերդլովում 82-ից 39-ը», - մանրամասնեց Անդրեյ Ղուկասյանը:
Տասնյակ միլիոնների ապօրինի դրամաշրջանառություն է բացահայտվել առողջապահական հիմնարկներում։ Մարզպետը պնդում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնում մինչև այս տարվա հունվարը, երբ փոխվեց տնօրենը, բուժքույրերին աշխատանքի են ընդունել բացառապես կաշառքով։ Ըստ նրա, հիվանդանոցը ամսական 20-30 միլիոն դրամի ստվերային շրջանառության հաշվին ավելի քան 100 միլիոն դրամի արհեստական պարտք է կուտակել, որի մեծ մասն անցած չորս ամիսներին արդեն մարվել է։
«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի կուտակած պարտքը արհեստական էր և հատուկ էր արված: Այսինքն, բժշկական կենտրոնը կարող էր շատ դրական ձևով իր գործունեությունը ծավելել և չկուտակել որևէ պարտք», - հայտարարեց Ղուկասյանը:
Վերջերս մարզպետը հաղորդում էր ներկայացրել դատախազություն Վանաձորի նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ճանապարհաշինական ընկերության կասկածելի գործարքների մասին։ Դրա հիման վրա արդեն քրեական գործ է հարուցվել։ Իրավապահները 17 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերել։
«Ես վստահ եմ, որ քննության ընթացքում այդ թվի կողքին հնարավոր է ավելանա ևս մեկ զրո», - ընդգծեց Ղուկասյանը:
Ըստ Լոռու մարզպետի, այժմ վերացված են նախկինում գործած բոլոր կոռուպցիոն մեխանիզմները, որոնք մարզը տարել են «լճացման և քայքայման»։ Անցած տարվա հոկտեմբերից պաշտոնավարող մարզպետն այսօր հայտարարեց, որ իր այս մոտեցումները «ձեռք չեն տալիս որոշ քաղաքական ուժերի և մարդկանց»։ - «Այդ մարդիկ կազմելով կեղծ կոալիցիաներ, փորձում են պայքարել կոնկրետ իմ դեմ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարզի ղեկավարը․ - «Լինում են շատ դեպքեր, երբ նախկին և ներկա շատ պաշտոնատար անձիք փորձում են ինչ֊որ հարցեր ինձ հետ բանակցել կամ գալ կոմպրոմիսների: Օրինակ՝ ինչ֊որ մեկին ինչ֊որ մի տեղ նշանակելու, ինչ֊որ մեկին ինչ֊որ մի հարցով օգնելու, որոնք չեն տեղավորվում օրինականության սահմաններում: Նման դեպքերում, բնականաբար, իրենք ստանում են շատ կտրուկ և բացասական պատասխան»:
Անդրեյ Ղուկասյանը մի վանաձորցու դեմ հայց է ներկայացրել դատարան՝ իրեն վիրավորելու համար ներողություն խնդրելու պահանջով։ Դատարանն արդեն քննության է առել հայցը։