Մատչելիության հղումներ

«Չափազանց դրական եմ վերաբերվում ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը»․ ԱԺ նախագահ


Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Սա ՍԴ դատավորի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու նախագահ Սարգսյանի հինգերորդ փորձն է: Նախորդ երկու թեկնածուներին մերժել է գործող Ազգային ժողովը:

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

Հարցին, թե ինչպես է վերաբերում Վահե Գրիգորյանի թեկնածությանը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ - «Շատ անկեղծ ասեմ, շատ ուղիղ ասեմ՝ չափազանց դրական: Ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, ինչպիսին կլինի ընտրության արդյունքը, կերևա առաջիկայում»:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը նախագահ Սարգսյանը երկրորդ անգամ է առաջադրում: Առաջինն անցած տարի էր՝ հեղափոխությունից հետո, որը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը:

«Վահե Գրիգորյանը եթե ընտրվի, լինելու ա անկախ Սահմանադրական դատարանի դատավոր: Նրա հավանական ընտրվելը չի նշանակում էնտեղ մեր մարդը ունենալը: Էդ կառույցը պիտի լինի անկախ, էդ մարդիկ պիտի լինեն անկախ», - հավելեց խորհրդարանի խոսնակը:

Տարոն Սիմոնյան
Տարոն Սիմոնյան

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պնդում է, որ նախագհը երկրորդ անգամ նույն թեկնածուին չի կարող առաջադրել․ - «Նոր թեկնածու է պահանջում օրենքը: Եթե անձը մեկ անգամ ներկայացվել է, երկրորդ անգամ միևնույն իրավասու անձի կողմից չի կարող ներկայացվել որպես թեկնածու: Հետևաբար ես սա օրենքի խախտում եմ համարում»:

Արարատ Միրզոյանը հակադարձում է․ - «Իրավաբանների հետ խորհրդակցություն ա եղել, հազար անգամ քննարկվել ա էս թեման հրապարակային: Հիմա ես իմաստ չեմ գտնում իրավաբանների բերած բոլոր փաստարկները տառ առ տառ վերաշարադրել: Կա մեկ պատգամավոր իրավաբան, որը պնդում ա, որ էդպես չէր կարող լինել, և կան բազմաթիվ իրավաբաններ՝ այդ թվում և պատգամավոր, որոնք պնդում են, որ էդպես կարող է լինել»:

Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Վահե Գրիգորյանի մասին կարծիք կհայտնի Ազգային ժողովում նրան լսելուց հետո: Մինչ այդ ասում է՝ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է որևէ քաղաքական ուժի հետ չնույնացվի․ - «Վահե Գրիգորյանը ասոցիացվում է իշխանության հետ էնքանով, որքանով իշխանությունը երկրորդ անգամ նույն մարդուն շատ կարճ ժամանակահատվածում ներկայացնում է, ու կարծես թե փորձ ա արվում իրան անցկացնել: Կտեսնենք մենք քննարկումներից, կտեսնենք, թե ինչ քանակի հարցեր կտրվեն, ինչ որակի, ինչ բովանդակության հարցեր կտրվեն: Փառք Աստծու, մենք հիշում ենք, թե ում ինչ հարցեր են տրվել, և կտեսնենք Ազգային ժողովի մեծամասնության վերաբերմունքը իրա նկատմամբ: Մենք ի սկզբանե որևէ մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունենք, մեր խնդիրը մեկն ա՝ ունենալ Սահմանադրական դատարանի այնպիսի անդամ, որը զերծ լինի քաղաքական ուղղորդումից, ազդեցությունից»:

Արարատ Միրզոյանի արձագանքը․ - «Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը և գուցե հավանական հետագա ընտրությունը բոլորովին չի նշանակում գործող իշխանությունների կողմից «յուրայինի», թիմակցի գործուղում Սահմանադրական դատարան, և էնտեղ իր մարդը ունենալը»:

Խորհրդարանի ղեկավարը չի ժխտում՝ Վահե Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրա թեկնածությանը դրական են վերաբերվում, բայց ընտրության արդյունքը կանխատեսել չի ցանկանում․ - «Արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի առումով, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավականին մեծ ընդհանրություններ կան»:

Վահե Գրիգորյանն իր թեկնածության առաջադրմանը արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ: Բարձր դատարանում բարեփոխումներ իրականացնելու իր պատկերացումների մասին խոստացել է մանրամասնել առաջիկայում:

Ընդդիմախոսներին էլ չի անտեսել․ - «Հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»:

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը համալրելու իր մեկ տարվա ապարդյուն փորձերը հաշվի առնելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր պաշտոնական հաղորդագրությունում հետգրությամբ առաջարկել է փոփոխել գործող ընթացակարգը և ապագայում քննարկել իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG