Մատչելիության հղումներ

«Իմ քայլը»-«Լուսավոր Հայաստան» «փոխհրաձգությունը» Ազգային ժողովում շարունակվեց


Բուհերի կառավարման խորհուրդներում իշխանության ներգրավման մասին երեկվանից սկսված «փոխհրաձգությունն» այսօր շարունակվեց Ազգային ժողովում։ «Իմ քայլ»-ից Համազասպ Դանիելյանը ամբիոնին մոտեցավ մի բաժակ մածունով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար էր բերել։ «Էստեղ բերել եմ մի բաժակ մածուն, ես սրանով Ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել», - հայտարարեց Դանիելյանը։

Երևանի Պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատարի երեկվա ընտրություններից հետո Մարուքյանը հայտարարում է՝ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, անգամ գրառում է արել. «Իմ քայլականներին ասեք՝ կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան, կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Համազասպ Դանիելյանը նախ գործող կարգավորմանը անդրադարձավ. «Երբ որ Էդմոն Մարուքյանը ասում է իշխանության թեկնածու պատգամավոր է այնտեղ ներկայացված, փաստը այն է, որ ԵՊՀ-ն, այլ բուհեր, որոնց բյուջեի երբեմն կեսից ավելին հանրային միջոցներն են, իրավական կարգավորումներով ունեն մարմին, որը էնտեղ է վերահսկելու համար, էդ մարմնում անդամների մի մասը նշանակվում է կառավարության կողմից։ Եթե խնդիր ունենք էս կարգավորման հետ, բերեք քննարկենք՝ արդյո՞ք այսօր մենք պատրաստ ենք որպես հասարակություն բուհերին տալ էդ հնարավորությունը առանց որևէ վերահսկողության»։

Հետո ակնարկեց․ «Երեկ եղել է երկու թեկնածու ժամանակավոր պաշտոնակատարի համար, երկու թեկնածուն էլ առաջադրվել են հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից, ովքեր ներկայացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմը։ Բարձր սանդղակներից է խոսում պարոն Մարուքյանը՝ շահերի բախումից, էդպես էլ չասեց՝ թեկնածուներից որևէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՞ չէ։ Ես երկուսի հետ որևէ անձնական կապ չունեմ։ Ինչքա՞ն կարելի է ինչ-որ հատվածական մի բառը վերցնել, մյուսը փոխել։ Ի վերջո, ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե էդ պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա»։

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ իշխանական պատգամավորը փորձում է իր հաշվին ինքնահաստատվել․ «Հայտնի բան կա, ասում է՝ խփում ես հայտնի մարդուն, իրա հաշվին սկսում ես կայանալ։ Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան նշելով՝ Դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ էդ կլասիկի մակարդակին հասնեք»։

Վստահեցրեց՝ ուզում է հասկանալ՝ իշխանությունը հայտարարած սկզբունքները պահո՞ւմ է, թե՞ ոչ: - «Ասել եք՝ դուռը փակողը ռեկտոր չի դառնալու, մի ընտրեք ռեկտորի ԺՊ, ասել եք՝ քաղաքականությունն ու բուհերը տարանջատելու եք, մի գնացեք խցկվեք բուհերի խորհուրդներ։ Եթե խցկվել եք, մանդատը վերցնելուց կողմնորոշվեք՝ կամ էն վերցրեք, կամ էն վերցրեք։ Մի կոնսոլիդացրեք ամեն ինչը ձեր տակ։ Եթե ձեզ թվում է, որ դուք դա պետք է անեիք, մենք լուռ նստեինք նայեինք, մենք հո դիտորդ չենք էստեղ։ Միայն ձեր էնտեղ լինելը արդեն քաղաքականացված է, արդեն կասկած է հարուցում երրորդ անձանց մոտ, որ էս մարդիկ իշխանության իրենց ընկերներով ընտրում են իրենց ուզած մարդկանց», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

Երեկ բանավեճ էր ծավալվել նաև ֆեյսբուքյան տիրույթում․ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհուրդների քաղաքականացվածությունից խոսող Մարուքյանին հակադարձել էր, թե ոչ իշխանական կուսակցություններից էլ ներկայացուցիչներ կան բուհերի կառավարման մարմիններում: Վանաձորի պետական համալսարանի օրինակն էր բերել, որի հոգաբարձուների խորհրդի անդամ հենց Մարուքյանի հարազատ եղբորն է նշանակել: Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նաև եղբոր ղեկավարած կուսակցության անդամ է: Էդմոն Մարուքյանը կրթության նախարարի ֆեյսբուքյան գրառման տակ հայտարարել էր, որ «խնդրել եք, որ նշանակեք», եղբայրն էլ արդար մարդ է, համաձայնել է, բայց նա պատգամավոր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG