Մատչելիության հղումներ

«S-400-ի գործարքն աղետ կլինի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մնացած անդամների հարաբերությունների համար»


ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգեր, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգեր, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգերն ասել է, որ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 (C-400) տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքի իրականացումը «աղետալի ազդեցություն կունենա F-35 մարտական օդանավերի համատեղ արտադրության և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի մնացած անդամների հարաբերությունների համար»:

Այդ մասին Ուիլբարգերն ասել է Վաշինգտոնում տեղակայված վերլուծական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի նիստում:

«Եկեք հստակ արձանագրենք, S-400-ը ստեղծվել է F-35 տեսակի օդանավեր ոչնչացնելու համար, պարզապես անհնարին է ենթադրել, որ ռուսները չեն փորձի օգուտ կորզել այդ ընձեռված առիթից», - ասել է Ուիլբարգերը:

Թուրքիան ոչ միայն ցանկանում է գնել 100 միավոր F-35 տեսակի օդանավեր, այլև ամերիկացիների հետ համատեղ արտադրել դրանք սեփական տարածքում:

Պենտագոնը նկատել է տալիս, որ ռուսական հակաօդային պաշտպանության համալիրներ գնելու գործարքի իրականացումը կկասեցնի F-35 օդանավերի վերաբերյալ թուրքերի ծրագրերը:

Մինչդեռ, Անկարան պնդում է, որ ռուսական համալիրները գնելու մտադրությունը որևէ պարագայում չի վերանայի:

«Դա այլևս կայացած գործարք է, դրանից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող», - մի քանի առիթներով հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG