Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներում հանդիպում կունենան: Այդ մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունում, որը նրանք տարածել են՝ ավարտելով իրենց հերթական այցը տարածաշրջան և հանդիպումները հակամարտ կողմերի հետ:
Համանախագահները նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են իրենց հովանու ներքո մոտ ժամանակներում հանդիպելու առաջարկը, մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամկետներում:
Համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, և Էնդրյու Շոֆերը՝ Միացյալ Նահանգներից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ տարածաշրջան են այցելել մայիսի 27-30-ը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների համատեղ հայտարարությունում նշված է, որ մայիսի 27-ին Երևանում նրանք հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մայիսի 30-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երկու մայրաքաղաքներում խորհրդակցություններ են ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում հանդիպել են Ղարաբաղի «դե ֆակտո իշխանությունների» հետ, Ղարաբաղում միջնորդները նաև լսել են Միջազգային Կարմիր Խաչի տեղական ներկայացուցչի տեղեկատվությունը հումանիտար հարցերի վերաբերյալ: Բաքվում համանախագահները հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ:
Հայտարարությունում նշված է, որ միջնորդների այցելության հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի գնահատումն էր, ինչպես նաև՝ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի և ապրիլի 15-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպմանը տեղի ունեցած քննարկումներից հետո զարգացումներին հետևելը:
Կողմերի խնդրանքներին համապատասխան՝ համանախագահներն առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հետագա կոնկրետ քայլերի, ներառյալ՝ հումանիտար և անվտանգության հարցերի վերաբերյալ:
Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածությունից խուսափելու համար: