Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը պետք է ցույց տա, որ լրջորեն է տրամադրված դատական բարեփոխումների հարցում. Եվրոպացի փորձագետ


Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, 21-ը ապրիլի, 2018թ.
Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, 21-ը ապրիլի, 2018թ.

«Հայաստանի վարչապետն ու նրա կառավարությունը պետք է այժմ շատ հստակ ցույց տան միջազգային գործընկերներին ու սեփական ժողովրդին, որ լրջորեն են տրամադրված դատական բարեփոխումների հարցում և հաստատակամ են գործընթացը իրականացնել ճիշտ ճանապարհով», - ասում է դատաիրավական բարեփոխումների ոլորտում եվրոպացի փորձագետ, Բաց հասարակությունների հիմնադրամի եվրոպական քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Իսկրա Կիրովան:

«Ցուցարարներն անցած տարի փողոց էին դուրս եկել նաև այդ բարեփոխումների պահանջով», - «Ազատության»-ը տված հարցազրույցում ընդգծում է փորձագետն, ով մինչ այդ աշխատել է Եվրահանձնաժողովում ու Եվրաատլանտյան դաշինքում:

«Հայաստանն իսկապես արմատական բարեփոխումների կարիք ունի, նախկին վարչակազմն ամբողջովին վերահսկում էր դատարանների կազմը, տխրահռչակ դատական համակարգը հայտնի էր որպես նախկին կառավարությանը ծառայող հիմնական գործիքներից մեկն՝ իր իշխանությունը պահելու համար: Իրականում մարդիկ անցած տարի փողոց դուրս եկան՝ պահանջելու առանց կոռուպցիայի երկիր ու արդարություն բոլորի համար: Կամայական ձերբակալությունները, ընդդիմադիրներին առաջադրված շինծու մեղադրանքները ցուցարարներին փողոց դուրս բերած հիմնական պատճառներից էին», - ասում է Կիրովան։

Եվրոպացի փորձագետն արձանագրում է, որ Հայաստանի ու Արևմուտքի իրավապաշտպանները վաղուց էին հորդորում Փաշինյանի կառավարությանն այս ոլորտում փոփոխություններ սկսել, շատերն էին պնդում, որ հենց դատարանների անկախությունը պետք է լինի նոր կառավարության առաջնային քայլերից մեկը։

«Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը գուցե հենց այդ՝ անհրաժեշտ զարթուցիչը դարձավ գործող իշխանության համար», - կարծիք է հայտնում Բրյուսելում աշխատող փորձագետը՝ փաստելով՝ Փաշինյանի հայտարարած վեթինգի գործընթացը կիրառվել է եվրոպական մի շարք երկրներում, և եվրոպական համայնքը կարող է Հայաստանին օգնել այս հարցում:

«Դա տևական գործընթաց է, որի համար ոչ միայն քաղաքական կամք, այլև ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ», - ասում է Իսկրա Կիրովան։

«Նախ, թերևս պետք է դիտարկել կոնկրետ կառույցները, որոնք հիմնական խոչընդոտներն են ազատ ու արդար դատական համակարգի կայացման ճանապարհին, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, կամ Սահմանադրական դատարանը: Հետո դիտարկել՝ գուցե հնարավո՞ր է որոշ դատավորների վաղաժամ թոշակի ուղարկել: Երրորդ՝ համակարգ բերել նոր կադրերի, քանի որ վիճակագրությունը փաստում է, որ հայաստանյան դատարանները ծանրաբեռնված են աշխատում: Այլ կերպ ասած՝ կարելի է գործընթացը սկսել ամենախնդրահարույց ոլորտներից և աստիճանաբար լրացնել ու վերստին հավասարակշռել համակարգը: Սա մի գործընթաց է, որը պետք է իրականացվի լրջորեն, և կառավարությունը պետք է ի ցույց դնի այն հավուր պատշաճի իրագործելու քաղաքական կամք», - ընդգծում է եվրոպացի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG