Մատչելիության հղումներ

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում «շատ լավ ստեղծագործական մթնոլորտ է ստեղծված»


Երևանի Կոնստանդին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում օրերս պրեմերա էր՝ ներկայացվեց Վիլյամ Շեքսպիրի հանրահայտ «Ռոմեո և Ջուլիեթ» ողբերգությունը, որը վերջին մոտ 500 տարիների ընթացքում անտարբեր չի թողնում ոչ միայն ընթերցողին, այլև թատրոնի ու կինոյի երկրպագուներին:

Ռուսական դրամատիկական թատրոնում այս պիեսն առաջին անգամ ներկայացվեց՝ ամիսներ առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնած Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:

Որպես գեղարվեստական ղեկավար սա նրա բեմադրած առաջին ներկայացումն է թատրոնում: Ի դեպ, վաղը երեկոյան մեր թատերասերները կրկին հնարավորություն ունեն դիտել ներկայացումը՝ ռուսական դրամատիկական թատրոնի արտիստների հետ միասին կրկին վերապրելով շեքսպիրյան հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիեթի հավերժական սիրո ողբերգական պատմությունը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարեվերջից, սկսեց ղեկավարել ռուսական դրամատիկական թատրոնը Ռուսաստանում երկար տարիներ աշխատող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: Նրա խոսքով, համաշխարհային թատերական արվեստի լավագույն գործերից մեկը՝ «Ռոմեո և Ջուլիեթը» բեմադրելու մտադրություն վաղուց ուներ, քանի որ, այն սիրո մասին պատմող բացառիկ ուժեղ, հզոր, լուսավոր գործ է:

Կարեն Ներսիսյանն ասաց, որ նախկինում՝ ռուսաստանյան բեմահարթակներում բեմադրել է նաև շեքսպիրյան պիեսներ՝ «Համլետը», «Ոչնչից մեծ աղմուկ»-ը, «Տասներկուերորդ գիշեր»-ը և այլն, սակայն տարիներ շարունակ երազել է բեմադրել «Ռոմեո Ջուլիետը», բայց հնարավորություն չի ունեցել, քանի դեռ չէր հանդիպել այն դերասանուհուն, որն իր մտապատկերում կարող էր մարմնավորել Ջուլիետի կերպարը:

Այդ դերասանուհուն՝ Հռիփսիմե Նահապետյանին, հանդիպեց Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում և անմիջապես հասկացավ, որ հասել է պահը ներկայացնելու շեքսպիրյան այս գործը՝ նոր և յուրովի մեկնաբանությամբ:

Կարեն Ներսիսյանը համոզված է, որ շեքսպիրյան ցանկացած պիեսի բեմադրություն ցանկացած թատրոնի համար ոչ միայն շատ կարևոր է, օգտակար, այլև նաև շատ առողջարար:

Նա շեշտեց, որ հրաշալի թատերախումբ ունեն, փորձերն օրական 7-8 ժամ են տևել, և իրենք չեն էլ հասկացել, թե ինչ արագությամբ է թռչում ժամանակը:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարվանից նաև տնօրենի նոր պաշտոնակատար ունի՝ ի դեմս թատրոնի անվանի դերասաններից Յուրի Իգիթխանյանի: Նրա հավաստիացմամբ, վերջին 5 ամիսների ընթացքում շատ լուրջ աշխատանք է կատարվել թատրոնում:

«Ամենակարևորը, որ թատրոնում շատ լավ աշխատանքային մթնոլորտ է տիրում, շատ լավ ստեղծագործական մթնոլորտ է ստեղծված: Ես ուզում եմ մեր հանդիսատեսին ուղղակի ասել, որ այն ժամանակաշրջանն ավարտված է ռուսական թատրոնում, երբ որ նրանք կարող էին ասել՝ լավ, դե կգնանք, ներկայացումից առաջ տոմսերը կգնենք, կմտնենք: Իհարկե, թատրոնը ուներ իր խնդիրները, ունի դեռ իր խնդիրները, մենք վարչարարական բոլոր հնարքներն օգտագործելով փորձում ենք լուծել դրանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթխանյանը:

Մինչև տարեվերջ թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի ևս մի քանի նոր ներկայացում: Իսկ ընթացքում փորձելու են սեփական ուժերով կարգի բերել, վերանորոգել թատրոնի տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG