«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարարությունն իրականացնող գլխավոր կապալառուներից «Կորսան Կորվիամ» ընկերությունը 2017 թվականից սնանկացման գործընթացում է։ Ընկերության ենթակայության 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերությունները, սակայն իրենց կատարած շինաշխատանքերի համար գումար չեն ստանում 2018-ի օգոստոսից։
«Մինչև էսօր ամեն անգամ խաբում են՝ 2 շաբաթ հետո, մի ամիս հետո», - «Ազատությանը» պատմեց ցուցարարներից մեկը:
«79 օրով, 60 օրով մարդիկ աշխատել են ոչ մի կոպեկ չենք ստացել», - հավելեց մյուսը:
Ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն ի նշան բողոքի այսօր փակել էին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Ցուցարարները պահանջում են հարցի շուտափույթ լուծում, ակնկալում են, որ կառավարությունն իրենց կաջակցի։
Հայաստանը իսպանական ընկերության հետ պայմանագիրը կնքել է դեռ 2012 թվականին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք:
«Կորսան Կորվիամ»-ի ենթակապալառու «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ միայն իրենց ընկերությանը իսպանական «Կորսան Կորվիամը» չի վճարել 23 միլիոն դրամ։
«Կորսանը դիմել է մեր կառավարությանը, որ ինքը մեր կառավարության մոտ գումարներ ունի, հետպահումներ ունի, երաշխիքային գումարներ ունի․․․ որ էդ գումարներից մոտավորապես 5.5 միլիոն դոլար մեզ վճարեն», - ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
«Ժակշին» ընկերության հիմնադիրը խոսքով՝ ավելի վաղ թվով 19 ենթակապալառու ընկերություններով դիմել էին կառավարությանը։ «Կորսան Կորվիամը», ըստ Հովհաննիսյանի, ենթակապալառու ընկերություններին պարտք է ավելի քան 2 միլիարդ 276 միլիոն դրամ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանի վստահեցմամբ՝ կառավարությունը իսպանական ընկերությանն ամբողջությամբ վճարել է կատարած աշխատանքների համար։
«Մեր վերահսկող ինժեները՝ «Սաֆեջ» ընկերությունը, հավաստիացնում է, որ մենք ամբողջական գումարները վճարել ենք: Դա նշանակում է, որ աշխատանքները «Կորսանը» իրականացրել է ենթակապալառուների միջոցով, մենք «Կորսանին» վճարել ենք, սակայն «Կորսանը» չի վճարել իր ենթակապալառուներին», - մանրամասնեց Բագրատ Բադալյանը:
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Հյուսիս-հարավի աշխատակիցների խնդրի մասին բարձրաձայնել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նրան արձագանքել էր փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանն ասել էր, որ կառավարությունը բանակցություններ է իրականացնում «Կորսան Կորվիամ» ընկերության հետ։
«Մենք հիմա բանակցում ենք և ուզում ենք հասկանալ, արդյո՞ք գնում ենք միջազգային արբիտրաժ, թե՞ չենք գնում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, պարտավորություն չունի ենթակապալառուների նկատմամբ և մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք այս պահի դրությամբ պարտավորություն չունենք «Կորսան Կորվիամ» ընկերության նկատմամբ», - նշել էր փոխվարչապետը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խնդրի լուծման մի տարբերակ է տեսնում․ - «Ամեն կատարած փուլի համար աշխատանքի, երբ «Կորսանին» գումար է վճարվել, դրա 10 տոկոսը պահվել է որպես դեպոզիտ հետագա կամ ընթացիկ խնդիրները շտկելու համար: Եվ նրանք առաջարկում էին այդ պահուստային միջոցների կեսը տրամադրել ենթակապալառու ընկերությունների նկատմամբ պարտքերի մարմանը, մյուս կեսը պահել հետագա խնդիրները լուծելու համար, բայց պարոն Ավինյանը պատասխանեց, որ դա կարող է և ընդունելի չլինել, որովհետև միգուցե «Կորսանի» պարտավորությունները մեր պետության նկատմամբ կարող են ավելի մեծ լինել քան դա է»:
«Կորսան Կորվիամն», ի դեպ, անցնում է «Հյուսիս-հարավի» կառուցապատման ընթացքում հայտնաբերված մեծածավալ չարաշահումների քրեական գործով։ Ընկերությունից այսօր խուսափեցին մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով զբաղվածությունը, սակայն հաստատեցին՝ իրենք պարտք են մոտ 2 տասնյակի հասնող ընկերությունների, որոնք ավելի քան 700 աշխատակից ունեն:
Ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր ցերեկը բացեցին Հյուսիս-հարավ ավտոճանապարհը. վաղը նրանց խոստացել են ընդունել կառավարությունում: