Այսօր գործադիրի նիստում անդրադառնալով ապրիլին գրանցված 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և կառավարության խնդիրն է խթանել այս լավ տրամադրությունը․ - «Ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունը ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»:
Մանրամասնելով՝ Փաշինյանն ասաց, որ այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան սպասվում էր (շինոլորտը աճել է 1,8 տոկոսով), առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16,2 տոկոսով, արտահանումը՝ 9,9 տոկոսով:
Վարչապետն առանձնացրեց նաև միջին ամսական անվանական աշխատավարձի աճը՝ այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 7,7 տոկոսով, որը կառավարության քայլերի արդյունքում առաջիկայում «ավելի դրական կդառնա»․ - «Նախորդ ամիսներին, պետք է խոստովանել, որ մենք շատ կենտրոնացած էինք տնտեսության վրա, և հիմա պետք է էդ կենտրոնացվածությունը չթուլացնելով՝ նաև այլ, մեզ հայտնի ոլորտներում առկա խնդիրները քայլ առ քայլ լուծենք: Որովհետև ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի: Եվ դա մենք անպայման կանենք»:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նույնպես լավատես էր, և կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցում չթաքցրեց դա․ - «Եկեք սպասենք, թող հաջորդ երկու ամիսների տնտեսական ակտիվության թիվը հայտնի դառնա: Բայց վստահ եմ, որ եթե մենք էսպես շարունակում ենք, ապա 7 տոկոս տնտեսական աճ վեց ամիսների կտրվածքով կունենանք»:
2019 թվականի պետբյուջեի համաձայն, այս տարի կառավարությունն ակնկալկում է 4,9 տոկսս տնտեսական աճ․ - «4,9 է դրված բյուջեում: Կլինի մի քիչ ավելի բարձր: Մի քիչ գնանք տարվա վերջին ավելի մոտ, թիվը ավելի հստակ կասեմ»:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ ապրիլին գրանցված 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելի երկարատև տնտեսական աճի մի մասն է․ - «Գնահատում եմ նաև այն, ինչ արվել է մինչ այսօր, այն փոփոխությունները, որի մասին խոսեմ է կառավարությունը և փորձում է իրականություն դարձնել: Ես, օրինակ, հենց խոսում եմ նույն հովանավորչության բացակայություն, մրցակցության հավասար պայմաններ ստեղծել, նույն կոռուպցիայի բացակայություն: Մի կարևոր հանգամանք կա, որը կարող է շատ էական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա, և սա պայմանավորված է նորից կառավարություն գործողություններով: Դա վերաբերում է այն սպասումներին, որ կա բոլորիս մոտ, ես ի նկատի ունեմ՝ և՛ գործարարների, և՛ քաղաքացիների: Սպասումներ, որոնք պայմանավորված են ավելի վճռական քայլեր և՛ տնտեսական կյանքի փոխոխությունների, և՛ առօրյա մեր կյանքում որոշակի խնդիրների լուծման, այդ թվում նաև նույն դատական համակարգի, այն խնդիրների, որի մասին այսօր խոսում ենք»: