Մատչելիության հղումներ

ԲԷՑ-ում տարիներով գործել են կոռուպցիոն մեխանիզմներ, ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել. դատախազություն


«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի շենքը
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի շենքը

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում (ԲԷՑ) ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ ուսումնասիրվել են Հայաստանի իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։

«Մասնավորապես, քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրերով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ են կատարել: Իսկ ընկերության աշխատակիցների կողմից կազմվել և ստորագրվել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Այս սխեմայով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում արձանագրված խախտումների և չարաշահումների հանցագործության դեպքերով 2018-2019թթ. ընթացքում դատախազության, Հայաստանի իրավասու այլ մարմինների վարույթում հարուցվել և քննվում է ընդհանուրը 7 քրեական գործ: Դրանք հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, կեղծիքների, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Նշված քրեական գործերով նախնական հաշվարկով` պատճառված վնասը կազմել է մոտ 1 միլիարդ 109 միլիոն դրամ, որից նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է 20 միլիոնը:

«Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու, պատասխանատու անձանց պարզելու և գործադրված կոռուպցիոն մեխանիզմներն ամբողջության մեջ լիարժեք բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG