Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է․ ԱԱԾ տնօրեն


Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։

Ավելի վաղ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Ի դեպ, Ոստիկանությունը շեշտել էր, որ նախքան Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը Ոստիկանությունն արդեն օպերատիվ տվյալներ ուներ, և պետի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործը ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն կամ, չգիտեմ, ինչ-որ մի բան ման գալ պետք չի՝ դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է», - ասաց Արթուր Վանեցյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և նրանց ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակել:

Բաբայանի գրասենյակի փոխանցմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

«Եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում», - զգուշացրել է Արցախի պաշտպանության նախկին նախարարի գրասենյակը:

Նշենք, որ Սամվել Բաբայանն ավելի վաղ հայտարարել էր 2020 թվականին կայանալիք Ղարաբաղի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին և այս օրերին Արցախում տարբեր հանդիպումներ է անցկացնում:

«Ազատ Հայրենիք»-ը «զրպարտանք» է որակում

«Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» են որակում Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը», - ասված է կուսակցության հայտարարությունում:

«Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում», - հայտարարում է «Ազատ Հայրենիք»-ը:

Դավիթ Բաբայան․ «Արցախում բանդաներ չկան»

Ղարաբաղում նախընտրական կրքերին անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ազատության» հետ զրույցում նա բացառեց, թե Արցախում զինված բանդաներ կան, միաժամանակ ընդգծելով՝ իրավապահ մարմինները պետք է իրականությունը պարզեն:

Բակո Սահակյանի խոսնակը անթույլատրելի համարեց ուժային միջամտությունը քաղաքական գործընթացներին:

«Իրոք պետք է շատ անաչառ, մասնագիտական բարձր մակարդակով ուսումնասիրվի այդ գործը, եթե այն, ինչ պնդում է Սամվել Բաբայանի թիմը, ինչ-որ տեղ ճիշտ լինի, համապատասխան մեղավորները, բնական է, պետք է պատժվեն: Նաև անթույլատրելի է զրպարտությունը», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:

«Իսկ Դուք ընդունո՞ւմ եք, որ այդպիսի բանդաներ կան, բանդաներ են գործում Արցախում», - «Ազատության» այս հարցին նա արձագանքեց․ - «Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Բայց պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե ինչ-որ մեղավորներ կան՝ անհատներ, չգիտեմ ինչ է եղել այնտեղ, այդ հարցը պիտի ուսումնասիրվի», - ասաց արցախցի պաշտոնյան՝ շեշտելով․ - «Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացներին, միանշանակ»:

Դավիթ Բաբայանը նաև հավաստիացրեց, որ իրավիճակը Արցախում լարված չէ․ - «Չէ, գիտեք, շատ հանգիստ է: Նախ և առաջ՝ նախընտրական շրջան որպես այդպիսին չկա, հա, որոշ քաղաքական ուժեր սկսել են, բայց դա պարզապես հանդիպումներ են, դեռ, էսպես, էլի, դասախոսությունների ձևով մեծ մասը, և այլն: Բայց իրավիճակը շատ հանգիստ է, որևէ խնդիր չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG