Բուքմեյքերական «Գուդվին» ընկերության աշխատակիցները կեսօրից երկկողմանի փակել էին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, նրանք պահանջում են թույլ տալ շարունակել իրենց պատկանող խաղային ապարատների շահագործումը:
«Մեր մոտ աշխատում են 100-ից ավելի թոշակառու մաքրուհի կանայք, որոնք ստանում են նորմալ աշխատավարձ, իրանց թոշակի հետ նորմալ իրենց ընտանիքը կարողանում են պահել», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկար քննարկումներից հետո օրերս արժանացավ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Եթե ընդունվի, ողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից։
Ըստ նախագծի, հիշեցնենք՝ արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների գործունեությունը բացառությամբ Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքների, սակայն հիմնականում գազալցակայանների հարևանությամբ գործող խաղային ապարատների շահագործումը կարգելվի օրենքի ընդունումից 10 օր հետո։
Հայաստանում գործում են երեք խոշոր բուքմեյքերական ընկերություններ՝ Vivaro, Toto, Goodwin։
Օրենքի հեղինակ, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում միայն «Գուդվին»-ն է, որ ունի խաղային ապարատներ, որոնք դրված են գազալցակայաններում և իրենց պահանջը, իրենց էս ամբողջ աղմուկը ընդամենը այդ ապարատների կյանքը երկարացնելուն է մղված»։
Բաղրամյան պողոտայում հավաքվածները խումբ էին կազմել և նրանց ուղարկել էին ԱԺ՝ բանակցությունների, ի սկզբանե նախատեսում էին հանդիպել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Հայտնեցին, որ կբացեն փողոցը, երբ իրենց կընդունեն, ի վերջո նրանց լսեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, փողոցն էլ, ինչպես խոստացել էին բացեցին:
«Գուդվին» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտնեց, որ լսել են իրենց առաջարկը. «Խոստացել են լրացուցիչ քննրակել, պատշաճ քննարկել և հաշվի առնել մեր բոլոր դիտողություններն ու անհանգստությունները։ Կոնկրետ առաջարկը եղել է հետևյալը՝ հնարավորություն տալ լիցենզավորված գործունեությանը, որ կոչվում է ավտոմատացված սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղի կազմակերպում, ինքը լիցենզավորված գործունեություն է։ Մեզ հնարավորություն տալ ընդամենը տարի ու կես աշխատելու հետ միասին դրանք շահագործել մեր բուքմեյքերական կետերում»։
«Գուդվին» ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց բողոքի պատճառն այն է, որ ի տարբերություն այլ ընկերությունների՝ իրենք կայքէջ չունեն և չեն կարող վիճակախաղերը օնլայն տիրույթում կազմակերպել։
Ի դեպ, ակցիային մասնակցում էին ոչ միայն «Գուդվին» ընկերության աշխատակիցները, այլև բոլոր բուքմեյքերական գրասենյակների փակումը պահանջողներ քաղաքացիներ:
«Տունս եմ գրավ դրել 12,5 միլիոն։ Այ հիմա թող Ալեն Սիմոնյանը մտածի՝ օնլայն տիրույթում ո՞նց հսկեմ իմ խաղամոլ տղային։ Ներկա պահին սայթ ունի ու խաղում է ու մի հատ սայթ չի 10 հատ սայթ է։ Տունս գրավ եմ դրել, որովհետև ինքը գնում էր իրան մոստից գցեր», - ասաց հավաքվածներից մեկը։
Ալեն Սիմոնյանն արձագանքում է՝ օնլայն բուքմեյքերների գործունեությունը արգելել գործնականում հնարավոր չէ․ «Եթե ինչ-որ երկրներ կարողանում են օնլայն տիրույթը սահմանափակել, դա կապված է մեծ գումարների հետ, լիարժեք չէ։ Օրինակ, Ամերիկայի Մայացյալ Նահանգները ինչ-որ չափով սահամանփակում է որոշ նահանգներում, դրա համար կա հիմնարկ, որը մոտավորապես բյուջեից ստանում է մեկ միլիարդ դոլարին համարժեք գումար և չի կարողանում այդ գործողությունը լիարժեք կատարել»։
ԱԺ փոխնախագահն անդրադառնում է նաև «Գուդվին»-ի աշխատակիցների այն պնդումներին, որ հնարավոր է կորցնեն իրենց աշխատանքը։
«Իսկ էդ ապարատի մեջ ո՛չ կին է նստում, ո՛չ տղամարդ է նստում և այդ ապարատի մեջ մարդ չի աշխատում, այնպես որ սա շահարկում է, վստահեցնում եմ չի անցնելու այդ շահարկումը։ 200-300 մարդը, որ էսպես ասած շահարկում են էդ մարդկանց ներքաշելով էս ամեն ինչի մեջ։ Մյուս կողմից էլ 63 հազար խաղացող են, որոնք կորցնում են իրենց տները, որոնք կորցնում են իրենց կանանց ոսկեղենը, պարտքերի մեջ են ընկնում և վարկեր են վերցնում», - ասաց Սիմոնյանը։